Իսկ դուք գիտեք ինչո՞վ է զբաղվել նորանշանակ ԱԳ նախարարը
Հայաստանը քննարկում է կառավարության նոր կազմը: Ոմանք կենտրոնացել են որոշ նախարարների տարիքի վրա, ոմանք քննարկում են նրանց սկանդալային կամ վիճահարույց արտահայտություններն ու հայտարարությունները, եւ չգիտես ինչու, որեւէ մեկն ուշադրություն չի դարձնում նորանշանակ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի վրա:
Իսկ ուշադրություն դարձնել անպայման պետք է: Բանն այն է, որ նա 2008-2011 թվականներին զբաղեցրել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչի, դեսպանի պաշտոնը: Ոմանք կշտապեն ասել՝ աշխատել, աշխատել է, եւ ի՞նչ: Եւ այն, որ հենց շրջանում էր, որ Եվրոպայի Խորհուրդը քննարկում էր 2008թ. մարտի 1-ից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը:
Զոհրաբ Մնացականյանը ջանք ու եռանդ չէր խնայում, որ Հայաստանի, մասնավորապես քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցները եւ բանաձեւերը չընդունվեն: Ավելի պատկերավոր ասած, Զոհրաբ Մնացականյանը մեկն էր այն հայաստանցի պաշտոնյաներից, որոնք ամեն ինչ արեցին քաղբանտարկյալների խնդրի լուծումը հնարավորին չափ ձգձգելու համար:
Եւ ճակատագրի հեգնանք է, որ նախկին քաղհալածյալ, երկար ժամանակ ընդհատակում, ապա քաղբանտարկյալի կարգավիճակում անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը Հայաստանի արտաքին գործերը վստահում է հենց Մնացականյանին: Օ ժամանակներ, օ բարքեր:
Հետաքրքիր է, թե նրանց առանձնազրույցի ժամանակ Զոհրաբ Մնացականյանն ինչ է ասել այդ օրերի մասին, ինչպես է բացատրել իր պահվածքը, իր ջանքերը, որոնք ուղղված էին բացառապես քաղբանտարկյալների առկայության հերքմանը եւ նրանց անազատության մեջ հնարավորինս երկար պահելուն:
Իսկ դուք նախարարների տարիք եւ ֆեյսբուքյան հայտարարություններ եք քննարկում:
Վարդան Մխիթարյան
Top-News.am