«Ֆրանսիան և ԱՄՆ-ը Սիրիայում կոչնչացնեն ահաբեկիչներին»
ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Ֆրանսիայի զինված ուղերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Ֆրանսուա Լեկուանտրն ասել է, որ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան «կմնան Սիրիայում ահաբեկչության ոչնչացումն ավարտին հասցնելու համար»: Այդ մասին ֆրանսիացի գեներալն ասել է «Սե Նյուս» հեռուստակայանի թղթակցին:
«Առաջնահերթությունը «իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոչնչացքումն է, այդ նպատակով էլ մենք կմնանք Սիրիայում, չեմ պատկերացնում, որ առանց ԱՄՆ-ի հաջողվի պարտության մատնել «իսլամական պետությանը», մնացածը՝ քաղաքական բնույթի հարցեր են»,- ասել է Լեկուանտրը:
Ֆրանսիան Միացյալ Նահանգների գլխավորած արևմտյան դաշինքի կազմում ռազմական գործողություններ է վարում Սիրիայում: Դաշինքը 2014 թվականից է ներքաշվել Սիրիայի պատերազմի մեջ:
Ֆրանսիան առաջին անգամ Սիրիայում հարվածներ է հասցրել 2015 թվականին: Տարածաշրջանի տարբեր ռազմական օդակայաններում Ֆրանսիան տեղակայել է մոտ 40 ինքնաթիռ:
Ֆրանսիայի գլխավոր շտաբը վերջերս հայտնել է, որ օդային գրոհներից բացի, Սիրիայի տարածքում ցամաքային գործողություններ են իրականացնում նաև հատուկ նշանակության ջոկատները: Գլխավոր շտաբը զինծառայողների թիվը չի հրապարակել: