Նիկոլ փաշինյանի հանդիպումը ՀՀԿ խմբակցության հետ (Տեսանյութ)
Քաղաքական ենթատեքստ ունեցող գործերին պետք է ցուցաբերել առանձնահատուկ մոտեցում: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, խորհրդարանում ՀՀԿ խմբակցության հետ հանդիպմանն ասաց «Ելք»-ի կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու վերաբերյալ հարցի:
«Մենք պետք ունենանք հստակ չափանիշներ, գծենք շրջանակը եւ հարցին տանք ինստիտուցիոնալ լուծում: Քաղաքական ենթատեքստ ունեցող գործերին պետք է ցուցաբերել առանձնահատուկ մոտեցում եւ այդ մոտեցման միակ նպատակը հանրային համերաշխության ձեւավորումն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն արձագանքեց. «Կան ՀԿ-ներ, որոնք «Սասնա ծռեր»-ին ներկայացնում են որպես քաղբանտարկյալներ: Մենք ունենք ԵԽ բանաձեւ, որտեղ կան քաղբանտարկյալների չափանիշներ, եւ այդ չափանիշներով չկան Հայաստանում քաղբանտարկյալներ: Հիմա ինչպե՞ս եք որոշելու, թե ովքեր են քաղբանտարկյալ եւ ինչպե՞ս եք ազատ արձակելու, ընթացակարգը ո՞րն է»:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Այն, ինչ պետք է տեղի ունենա, պետք է տեղի ունենա օրենքների խստիվ պահպանմամբ: ՀՀ օրենսդրությունը մի քանի պրոցեդուրա է նախատեսում, թե ինչպես կարող է ազատազրկման մեջ գտնվող մարդն ազատ արձակվել: Կդիտարկվի, գուցե առանձին դեպքերում մի գործիք կիրառվի, մեկ այլ դեպքում՝ այլ գործիք: Պետք է ոչ թե նեղ թիմային որոշումներ կայացվեն, այլ ՀԿ-ների փորձագիտական կարծիքները հաշվի առնվեն: Մեր գործողությունները պետք է ունենան նպատակ, դա հանրային համերաշխության հաստատումն է: Մենք չենք կարող գնալ լուծումների, որոնք կբերեն նոր պրոբլեմների»: