«Այո՛, մեկ այլ աշխարհ կառուցելը հնարավոր է». Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Սելինա Դողանը՝ հայաստանյան իրադարձությունների մասին
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Ստամբուլից ընտրված հայազգի պատգամավոր Սելինա Դողանն արձագանքել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասել է, որ թողնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը։
«Երիտասարդների, մայրերի, հոգևորականների, մտավորականների, զինվորների, աշխատավորների կողմից օրեր տևած խաղաղ դիմադրությունից հետո Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել: Այո՛, մեկ այլ աշխարհ կառուցելը հնարավոր է», - գրել է հայազգի պատգամավորը Twitter-ի իր պաշտոնական էջում՝ կիսվելով Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստի թարգմանությամբ, որը նախօրեին տարածել էր Թուրքիայում գործող հայկական երիտասարդական «Հայ մշակույթ» նախաձեռնությունը:
Նշենք, որ Հայաստանում տեղի ունեցած բողոքի ակցիայի օրերին Թուրքիայի հայությունն իր աջակցությունն էր հայտնել հայաստանցի հայրենակիցներին՝ Ստամբուլի մի շարք հայաշատ թաղամասերում փակցնելով «Արաքսի արևմտյան ափը ձեզ հետ է» գրությամբ պաստառներ ու պիտակներ: