Նիկոլ Փաշինյանը գտնվում է Երևանի ձերբակալվածների պահման վայրում. Լենա Նազարյան
Երևանում ու մարզերում առանց որևէ մեկի առաջնորդության իրականացնում են ցույցեր: Դրանք խաղաղ են ու ապակենտրոն: Այս մասին ֆեյսբուքյան էջով հայտարարություն արեց պատգամավոր Լենա Նազարյանը:
«Ես փոխանցում եմ շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ շարունակել բողոքի խաղաղ գործողությունները: Նիկոլ Փաշինյանը գտնվում է Երևանի ձերբակալվածների պահման վայրում»,- հայտնեց Լենա Նազարյանը:
Նա ասաց, որ ինքն առավոտյան հանդիպել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ: Վերջինս, Լենա Նազարյանի խոսքով, առաջարկում էր նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ իրավիճակին խաղաղ լուծում տալու համար:
«Պարոն Բաբլոյանն առաջ քաշեց մի պայման, որ բանակցելու համար չպետք է լինի փողոցի ճնշում, երթերն ու հավաքները չպետք է լինեն, դրանք պետք է դադարեն: Ես ասացի, որ բանակցությունների սեղանի շուրջ նստելու մեր օրակարգը մնում է նույնը՝ Սերժ Սարգսյանի հրաժարական:
Բացի այդ, ես ասացի, որ մեզնից ոչ մեկը չի կարող կոչ անել, որ մարդիկ հեռանան փողոցից: Որևէ մեկը մեր շարժումից չի կարող նման կոչով հանդես գալ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելուն, ապա Լենա Նազարյանն ասաց, որ նման որոշում կայացնելու դեպքում ԱԺ-ն կկատարի մեկ հոգու քաղաքական պատվերը, իսկ դա խայտառակություն կլինի երկրի համար:
«Հետաձգվել է ԱԺ նիստը, որը պետք է կայանար այսօր` ժամը երկուսին` պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցով: Այսինքն՝ դեռևս նման որոշում չկա, ինչը շատ լավ է: Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել շարժման ղեկավարներին, պատգամավորներին և կոչ եմ անում քաղաքացիներին` 19:00-ին հավաքվել հրապարակում: Հաղթանակը շատ մոտ է»,- ասաց նա: