Իրանի իշխանությունները մեկ շաբաթ ժամանակ են տվել պետական կառույցներին Telegram-ից հրաժարվելու համար
Իրանի իշխանությունները մեկ շաբաթ ժամանակ են տվել պետական կառույցներին օտարերկրյա սոցիալական ցանցեր օգտագործելուց հրաժարվելու համար։ Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հայտարարությունը:
«Բոլոր պետական ինստիտուտներն ու իշխանության մարմինները, ինչպես նաև ոչ կառավարական հաստատությունները պարտավոր են մեկ շաբաթվա ընթացքում իրենց գործունեությունն ու մատուցվող ծառայությունները տեղափոխել իրանական սոցցանցերի հարթակ»,- նշել է փոխնախագահը:
Սպասվում է, որ ուրբաթ Իրանի տարածքում ուժի մեջ կմտնի օտարերկրյա մեսենջերների օգտագործման արգելքը՝ այդ թվում Telegram-ի:
Ավելի վաղ Թեհրանում հայտնել էին ապրիլի 20-ից «Սորուշ» անվանումով սեփական մեսենջերը գործարկելու մասին: Դրանով Իրանում կփորձեն փոխարինել Telegram-ը:
Նշենք, որ Telegram-ից օգտվում է շուրջ 45 մլն իրանցի:
2017 թվականի հունվարին հակաիշխանական բողոքի ակցիաների ընթացքում այն արգելափակվել էր երկրի տարածքում, հունվարի 13-ից Telegram-ը կրկին վերագործարկվել է: