ՄԻԵԴ-ը ճանաչել է ադրբեջանցի իրավաբանների եւ իրավապաշտպանի նկատմամբ խախտումները
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի վերաբերյալ 2 որոշում է հրապարակել, Turan-ին հայտնել է փաստաբան Ֆարիզ Նամազլին:
Դրանցից մեկը կապված է իրավաբաններ Անաղի Հաջիբեյլիին եւ Ինթիգամ Ալիեւին Փաստաբանների կոլեգիա ընդունելու մերժման հետ:
Եվրադատարանը, մասնավորապես, ճանաչել է հայցվորների իրավունքների խախտումը Եվրոպական կոնվենցիայի 10-րդ (արտահայտվելու ազատություն), 6-րդ (արդար դատաքննության իրավունք), ինչպես նաեւ 34-րդ (անհատական բողոքի իրավունք) հոդվածներով: Նամազլիի խոսքով՝ 34-րդ հոդվածով խախտման ճանաչումը կապված է այն հանգամանքի հետ, որ 2014 թվականի օգոստոսին Ինթիգամ Ալիեւին կալանավորելիս դատախազության աշխատակիցները նրա գրասենյակից առգրավել են գործի փաստաթղթերը, որը ՄԻԵԴ վարույթում էր: Ստրասբուրգի դատարանը որոշել է՝ հայցվորներից յուրաքանչյուրին փոխհատուցում վճարել 7500 եվրո չափով եւ եւս 2500 եվրո դատական ծախսերի համար:
ՄԻԵԴ երկրորդ որոշումը կապված է 2013-ի դեկտեմբերին իրավապաշտպան Անար Մամեդլիի կալանքի չհիմնավորվածության հետ: Դատարանն այն չհիմնավորված է համարել եւ ճանաչել է նրա իրավունքների խախտումը 5-րդ (ազատության իրավունք) եւ 18-րդ (քաղաքական նպատակներով իրավունքների սահմանափակում) հոդվածներով:
ՄԻԵԴ-ը որոշել է՝ Մամեդլիին վճարել 20 հազար եվրոյի փոխհատուցում եւ եւս 2500 եվրո դատական ծախսերի համար: