Թուրքիայի ընդդիմությունը նստացույց է անցկացրել Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական կուսակցությունը նստացույց է անցկացրել Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում՝ բողոքելով երկրում արտակարգ դրության ռեժիմի հնարավոր երկարաձգման դեմ, հաղորդում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը:
Հայտնի է, որ բողոքի ակցիային մասնակցել է նաև կուսակցության անդամ, Թուրքիայի խորհրդարանի՝ Ստամբուլից ընտրված պատգամավոր Սելինա Դողանը:
Ներկաները շեշտել են, որ հեղաշրջման փորձից հետո երկիրը 21 ամիս շարունակ ղեկավարվել է արտակարգ դրության ռեժիմի պայմաններում, այդ ընթացքում անցկացվել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե՝ ժողովրդի վրա գործադրված ճնշման պայմաններում: Ընդդիմադիրները նշել են, որ արտակարգ դրության ռեժիմը ճանապարհ է բացում երկրում բռնությունների աճի, ժողովրդավարական նորմերի թուլացման ու մի շարք անօրենությունների համար:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: