Ղարաբաղի ապագան ազատ կյանք է. Սերժ Սարգսյան
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ձգվում է ավելի քան 30 տարի: Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, որի թեկնածությունն առաջադրվել է ՀՀ վարչապետի պաշտոնում:
«Իրականում խնդրի ակտիվ փուլը գոյություն ունի արդեն 30 տարի, սակայն այն եղել է նաև նախկինում: Այս 30 տարիներից 25-ը անցնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ: 1994 թվականին Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրվեց հրադադարի մասին եռակողմ անժամկետ համաձայնագիրը: Ցավոք, 2014 թվականից սկսած հրադադարի ռեժիմն Ադրբեջանի կողմից խախտվել է գրեթե յուրաքանչյուր օր:
2016 թվականի ապրիլին ադրբեջանական կողմը, ձախողվելով բանակցություններում և նենգորեն խախտելով պայմանագրի շրջանակներում իր պարտավորությունները, լայնածավալ ագրեսիա էր սկսել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ՝ մեծ թվով օդային ուժերի, զրահապատ տեխնիկայի, խոշոր տրամաչափի հրետանու, հրթիռային համակարգերի, հրանետների կիրառմամբ, որոնց մեծ մասը, իդեպ, ձեռք էր բերվել Ռուսաստանում: Սակայն նրանց չհաջողվեց որևէ լուրջ խնդիր լուծել, և հինգերորդ օրը Ռուսաստանի միջնորդությամբ կողմերը հանդիպեցին եւ պայմանավորվեցին թարմացնել նախկինում ստորագրված համաձայնագրի պայմանները:
Դրանից հետո մի քանի գագաթաժողով տեղի ունեցավ, որտեղ համաձայնություն էր ձեռք բերվել հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորությունների ընդլայնման վերաբերյալ: Սակայն ադրբեջանական կողմը, վերադառնալով Բաքու, հրաժարվում էր իրականացնել ձեռքբերված պայմանավորվածությունները»,- նշել է Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ Մինսկի խումբը դեռ 2007 թվականին առաջարկել էր հարցը լուծել միջազգային իրավունքի երեք սկզբունքների հիման վրա՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների հավասարության եւ ինքնորոշման, տարածքային ամբողջականության մասին: Մեր կարծիքով՝ դա փոխզիջումների հավասարակշռված փաթեթ է: Սա, իհարկե, այն չէ, ինչի մասին մենք երազում էինք: Սա մեզ համար լավագույն տարբերակը չէ: Սակայն հասկանալով, որ հարցը կարող է լուծվել միայն փոխզիջման հիման վրա՝ մենք համաձայնեցինք շարունակել բանակցությունները: Եվ 2011 թվականին Կազանում մենք, կարծես, մոտ էինք ստորագրմանը: Սակայն Բաքուն լրացուցիչ պահանջներ առաջադրեց, եւ ստորագրումը տեղի չունեցավ:
«Ադրբեջանի ղեկավարությունը պատրանք ունի, որ փոխզիջում կարող է լինել միայն Հայաստանի եւ Արցախի կողմից: Եվ միայն այդ պատճառով ստատուս քվոն չի փոխվում: Սակայն այստեղ փոխադարձ փոխզիջում է հարկավոր: Ադրբեջանցիները դեռ ուժով խնդրի լուծման հույս ունեն: Ինչպես ցույց տվեց 1990-ականների սկզբի, ինչպես նաև 2016-ի փորձը, դա անհնար է: Մեծ կորուստներ, զոհեր, կլինեն, սակայն իրավիճակը չի փոխվի: Ամեն դեպքում, վաղ թե ուշ մենք պետք է որևէ որոշման հանգենք: Սակայն՝ որքան շուտ, այնքան ավելի լավ:
Իսկ Ղարաբաղի ապագան ազատ կյանքն է: Այո, սա փոքր երկիր է, սակայն դա դեռ հիմք չէ պնդելու համար, որ դուք ազատ ապրելու իրավունք չունեք: Մարդիկ այնտեղ ապրել են հազարամյակներ շարունակ եւ կշարունակեն ապրել: Անշուշտ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, շատ բան են անում այս խնդիրը լուծելու համար: Նախագահների մակարդակով հինգ հայտարարություն է արվել, եւ դրանք բոլորը խոսում են այն մասին, որ խնդիրը կարող է լուծվել միայն այս երեք սկզբունքների հիման վրա: Այս սկզբունքները անբաժանելի են: Եվ սա շատ կարեւոր է», - եզրափակել է Սերժ Սարգսյանը: