ԼՂ հակամարտության կարգավորման համար Մինսկի խմբին անհրաժեշտ է ավելի շատ ջանք գործադրել. ՄԱԿ-ի պաշտոնյա
ՄԱԿ-ն ակնկալում է ԵԱՀԿ Մինսկի խմբից գործադրել բոլոր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Այդ մասին ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի նախագահ Միրոսլավ Լայչակը:
«Այժմ հակամարտության կարգավորման համար բոլորի կողմից ընդունված մեխանիզմը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Անհրաժեշտ է հարգել այդ մեխանիզմը և ամբողջությամբ օգտագործել դրա ներուժը: Ես ակնկալում եմ Մինսկի խմբից, որ այն կանի հնարավոր ամեն բան այդ հակամարտության խաղաղ կարգավորման համար»,- ասել է նա:
Պատասխանելով հակամարտությունների կանխման գործում և դրանց լուծման հարցում աջակցության առնչությամբ ՄԱԿ-ի գործունեության մասին հարցին՝ Լայչակը նշել է, որ ՄԱԿ-ի աշխատանքը հաճախ երևում է հակամարտության բռնկումից հետո:
«Հակամարտության առաջացման դեպքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հանդիպումներ է անցկացնում և սովորաբար բանաձևեր է ընդունում, երբեմն անհրաժեշտության դեպքում որոշում է կայացվում խաղաղապահ ուժերի տեղակայման մասին:
2016 թվականից հակամարտությունների նկատմամբ ՄԱԿ-ի մոտեցումը փոխվել է, քանի որ կազմակերպության անդամ երկրները պայմանավորվել են «խաղաղության պահպանման» նոր կոնցեպտի շուրջ: Այն հիմնականում ուղղված է հակամարտության կանխմանը և հակամարտության նախանշաններին արձագանքելուն: Հակամարտությունների նախանշանների առաջացման ժամանակ մենք պետք է օգտագործենք այնպիսի գործիքներ, ինչպիսիք են կանխարգելիչ դիվանագիտությունը, միջնորդությունը դրանց կանխման համար»,- ասել է պաշտոնյան: