Խորհրդային կիսաշեն ժառանգություն
Մշակվել եւ ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետությունում կիսակառույցների շինարարության ավարտման եւ հետագա օգտագործման ծրագիրը, որի նպատակը՝ հանրապետության մարզերում առկա խորհրդային ժամանակաշրջանում սկսված եւ մինչ օրս չավարտված թվով 206 կիսակառույցների հետագա օգտագործման համար պետական քաղաքականության ամրագրումն է, համայնքների քաղաքաշինական եւ բնապահպանական միջավայրի կանոնակարգումը:
Քաղաքաշինության պետական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախքան ծրագրի ընդունումն իրականացվել են այդ կիսակառույցների տեխնիկական վիճակի հետազննություններ եւ պարզվել է, որ առկա 206 կիսակառույցներից՝ 58-ը ունեն անբավարար տեխնիկական վիճակ եւ ծրագրի համաձայն ենթակա են քանդման 2019-2021թթ. ընթացքում, թվով 119-ը բնակելի եւ 28 հասարակական շենքեր պիտանի են հետագա օգտագործման համար եւ դրանց շինարարության ավարտմամբ կարող է շահագործման հանձնվել ավելի քան 165 հազար քմ մակերես:
Կիսակառույցների շինարարության ավարտման ծրագիրն ընդգրկելու է 2019-2023թթ. ժամանակահատվածը, արժեքը կազմում է շուրջ 34.3 մլրդ. ՀՀ դրամ, ինչը 35%-ով էժան է, քան համարժեք մակերեսով նոր կառուցվող շենքերի շինարարությունը, որի համար կպահանջվեր շուրջ 52.8 մլրդ. ՀՀ դրամ:
Ծրագրի ֆինանսական ապահովումը նախատեսվում է իրականացնել ՀՀ պետական բյուջեի, համայնքների բյուջեների եւ ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
Ծրագիրը հնարավորություն է ստեղծում նաեւ պետություն-մասնավոր հատված փոխշահավետ համագործակցության շրջանակներում կիսակառույցների օտարման եւ կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման համար:
Լուրեր Հայաստանից - NEWS.am