Մտերմության նշան. Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանը պատմել է Նարեկացու արձանի մասին
Վատիկանի պարտեզներում Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանի տեղադրումը մտերմության նշան է։ Այդ մասին Սուրբ Աթոռում հայաստանի դեսպան Միքայել Մինասյանն ասել է Vatican News-ին տված հարցազրույցում։
Բարբարա Կաստելիի հետ զրույցում Մինասյանը նշել է, թե Տիեզերական եկեղեցու վարդապետի տիտղոսին արժանացած Գրիգոր Նարեկացու արձանը Հռոմի քահանայապետի՝ Հայաստան կատարած ուխտագնացության արդյունքն է։ «Արձանի տեղադրումը երկու եկեղեցիների միջեւ մտերմության նշան է»,- ասել է դեսպանը։
Նշենք, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանի պարտեզներում կօծի հայ մշակույթի հերոս, Տիեզերական եկեղեցու վարդապետ, Արեւելքի եւ Արեւմուտքի իսկական կամուրջ եւ էկումենիզմի խորհրդանիշ Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանը։ Օծման արարողությունը տեղի կունենա հինգշաբթի՝ 2018թ. ապրիլի 5-ին, ժամը 12:00-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի ներկայությամբ։
Ստեղծագործության հեղինակը քանդակագործ Դավիթ Երեւանցին է։ Բրոնզե արձանը պատրաստվել է Չեխիայի Հանրապետության ձուլարաններից մեկում՝ շնորհիվ Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանի եւ Արթուր Ջանիբեկյանի ֆինանսական աջակցության։ Արձանի երկու օրինակ է ձուլվել, որոնցից մեկը Վատիկանի պարտեզների, իսկ մյուսը՝ Էջմիածնի վեհարանի համար։ Այսպիսով, արվեստի միջոցով մի ուղերձ է փոխանցվում, որն ի զորու է սերտացնել հարաբերությունները քույր եկեղեցիների միջեւ։