Հրայր Թովմասյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
Խորհրդարանն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ ձայների 64 կողմ, 27 դեմ հարաբերակցությամբ Սահմանադրական դատարանի նախագահ ընտրեց Հրայր Թովմասյանին։
Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը նշեց, որ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 94-ը:
«Քվեատուփում առկա էր 93 քվեաթերթիկ, որոնցից անվավեր են ճանաչվել 2-ը», - ասաց Մելիքյանը։
Թովմասյանը շնորհակալություն հայտնեց վստահության, իսկ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանից նաև իր թեկնածությունն այդ պաշտոնում առաջադրելու համար։
«Ինչպես նշեցիք, թե լավ Սահմանադրական դատարանի նախագահ, թե Սահմանադրական դատարանի լավ նախագահ, խոստանում եմ, որ երկուսն էլ կլինեմ», - ասաց Թովմասյանը։
Հիշեցնենք, Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից, քանի որ այս ամսվա սկզբից գլխավորում է Բարձրագույն դատական խորհուրդը: