Սթիվեն Հոքինգին կհուղարկավորեն Իսահակ Նյուտոնի եւ Չարլզ Դարվինի կողքին
Սթիվեն Հոքինգի աճյունը թաղվելու է Վեսթմիսթերյան աբբայությունում՝ Իսահակ Նյուտոնի եւ Չարլզ Դարվինի գերեզմանների կողքին, հաղորդում է BBC-ն:
Հայտնի անգլիացի ֆիզիկոս տեսաբան, տիեզերաբան եւ գիտությունը մասսայականացնող Սթիվեն Հոքինգը դարձել էր իր ժամանակի ամենահարգված եւ հայտնի մարդկանցից մեկը՝ չնայած ծանր նյարդադեգեներատիվ հիվանդության: Նա մահացել է մարտի 14-ին, 76 տարեկանում Քեմբրիջի իր տանը:
Հիշատակի արարողությունը տեղի կունենա Քեմբրիջում, քաղաք, որը նա շատ էր սիրում, ասվում է Հոքինգի ընտանիքի հայտարարության մեջ: Այն տեղի կունենա Զատկի կիրակի՝ ապրիլի 1-ին, Քեմբրիջի համալսարանի Սբ. Մարիամ եկեղեցում:
Հիշատակի արարողության մասին տեղեկատվությունը քոլեջի կայքում տեղադրրել են հայտնի գիտնականի երեխաները՝ Լյուսին, Ռոբերտը եւ Տիմը:
Հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 31-ին: Դրան կմասնակցեն Հոքինգի հարազատները, ընկերները եւ գործընկերները: