Հայաստանում կիրականացվի ԵՄ՝ 240 հազար եվրոյի նոր ծրագիր
Մարտի 20-ին Երեւանում տեղի է ունեցել Հայաստանում Եվրամիության նոր՝ «ԵՄ-ն հանուն երիտասարդների» նախաձեռնության շնորհանդեսը:
Ծրագիրը կիրականացվի 3 տարվա ընթացքում: Հայաստանից բացի, ծրագիրը կիրականացվի նաեւ Վրաստանում եւ Բելառուսում: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 1 մլն 400 հազար եվրո: Ըստ որում ծրագրում ԵՄ բաժինը կազմում է 1 մլն 330 հազար եվրո: Նախատեսվում է այս գումարից Հայաստանին հատկացնել 239,435 եվրո:
Հայաստանում ծրագրի իրականացման ժամանակ մինչեւ 300 երիտասարդներ վերաորակավորում կանցնեն եւ եւս 100-ը կմասնակցի ձեռներեցության ոլորտում համապարփակ ուսուցմանը: Դրա հետ մեկտեղ, գրեթե 60 երիտասարդներ հնարավորություն կունենան մասնագիտական պրակտիկա անցնել մասնավոր, հասարակական եւ ոչ կառավարական կազմակերպություններում:
«Երիտասարդների համար ամենակարեւորը որակյալ կրթություն ստանալն է: Եվ մենք այսուհետեւ եւս կջանանք նման կարգի ծրագրերին աջակցել ու իրականացնել»,- նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: