Էրդողանը մեղադրել է ԱՄՆ-ին
Միացյալ Նահանգները մեծ քանակությամբ զենք է մատակարարել Սիրիայի տարածքում գտնվող «ահաբեկչական խմբավորումներին»։ Ինչպես հայտնում է Haberturk-ը, այդ մասին երեքշաբթի Անկարայում ելույթի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Եթե մենք ռազմավարական գործընկերներ ենք, ապա դուք (նկատի ունի ԱՄՆ-ին) պետք է մեզ հարգեք և դադարեցնեք մեզ խաբել»,- ասել է թուրք առաջնորդը։
«Դուք Սիրիա եք ուղարկել զենքով լի 5.000 բեռնատար և ռազմամթերքով լի 2.000 կոնտեյներ։ Նշանակում է, որ մեր հարցմանը դուք բացասական պատասխան եք տվել, սակայն ահաբեկչական խմբավորումներին զինել եք։ Ի՞նչ գործընկերության մասին կարող է խոսք լինել»,- հավելել է Էրդողանը՝ չհստակեցնելով, թե որ հարցմանն է ԱՄՆ-ն բացասական պատասխան տվել։
Թուրքիայի նախագահն ասել է, որ ներկայում «բոլոր այդ զենքերն անցնում են թուրքական բանակի ձեռքը»։
«Մենք գտնում ենք թունելներ, որոնցում կան զենքի պահեստներ, գտնում ենք տներ, որոնք լի են ռազմամթերքով»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը:
Ads by Digisales
Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում:
Մարտի 18-ին թուրքական կողմը հայտնել էր թուրքական ԶՈՒ-ի և «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորման կողմից Աֆրին քաղաքը «քուրդ զինյալներից ազատագրելու մասին»։