ՀՀԿ-ն Գյումրիում պարտվել է, պարտվում է եւ պարտվելու է
Տարեցտարի, ընտրությունից ընտրություն Սերժ Սարգսյանը եւ Հանրապետական կուսակցությունը Գյումրիում պարտություն են կրում՝ ավելի մեծ թափով: Գյումրին իր տեսակով ընդդիմադիր եւ ազատ լինելով չի սիրում եւ չի քվեարկում Սերժ Սարգսյանի օգտին:
Բավական է միայն համեմատել, թե ընտրությունից՝ ընտրություն, ՀՀԿ-ի օգտին եկող ձայները Գյումրիում ինչ արագությամբ են կրճատվում, եւ պարզ է դառնում, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում Սերժ Սարգսյանի գլխավորած ուժը Գյումրիում ինչ դառը արդյունքի է բախվելու՝ հերթական անգամ: Ռեյտինգային խայտառակ ընտրակարգն էլ այստեղ ՀՀԿ-ին չի կարող օգնել:
Այժմ թվերի լեզվով
2013 թվականի ՀՀ նախագահական ընտրություններում ՀՀԿ ղեկավար՝ Սերժ Սարգսյանը պարտվեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովահաննիսյանին:
2012 թվականին կայացան խորհրդարանական, իսկ 2013-ին նախագահական ընտրություններ: ԱԺ ընտրության ժամանակ ԲՀԿ-ն Գյումրիում ստացավ մոտ 45 տոկոս քվե, 18 տոկոսից ավելի` Ժառանգությունը, իսկ ՀՀԿ-ն` 24,5 տոկոս: Սա այն պարագայում, երբ կառավարող հանրապետականը իր օգտին էր ծառայեցրել վարչական, քրեական, կեղծածար եւ ընտրակաշառքային ռեսուրսների մի ամբողջ շարք:
Այս խայտառակ պարտությունից ոչ այնքան ուշ, տեղի ունեցավ եւս մեկը: 2013 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները ամփոփելուց պարզ դարձավ, որ քվեների 69,5 տոկոսը գյումրեցին տվել է Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ Սերժ Սարգսյանին բաժին է հասել 26,5 տոկոս՝ կրկին վերոնշյալ մեխանիզմների բարձր հովանավորությամբ:
Գյումրեցին հանրապետականին եւս մեկ անգամ հասկացրեց, որ Սերժ Սարգսյանը եւ ռեժիմի ցանկացած ներկայացուցիչ Գյումրիում այլեւս անելիք չունի:
Ավելի ուշ` նախագահի ընտրությունից երկու տարի անց` 2015-ի դեկտեմբերին, Գյումրիում պարտվեց նաեւ Սերժ Սարգսյանի սահմանադրական հանրաքվեն: Սերժ Սարգսյանի ԱՅՈ-ի օգտին քվե էր տվել ընտրողների 40 տոկոսը`ոմանք վախով, ոմանք՝ կաշառքով:
Սերժ Սարգսյանը այս պարզ թվաբանությունը ձեռքին ունենալով՝ ձայների կորզման ի՞նչ հույսեր է կապում, դժվար է ասել: Սակայն մի բան է հստակ՝ գյումրեցին տեր է իր քվեին, չի քվեարկում հանրապետական ռեժիմի օգտին, չի կաշառվում եւ չի վաճառվում: Տարիները ցույց տվեցին, որ գյումրեցին չթողեց, որ Սերժ Սարգսյանը Գյումրիում 100, 90, 60 կամ գոնե 50 խփի:
Դավիթ Գասպարյան
Գյումրի