BMW-ից կրակոցներ էր արձակել՝ գնդակը դիպել էր շենքի պատուհանին. Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում մարտի 13-ին՝ ժամը 10։20-ի սահմաններում, Երեւանում ավտոմեքենայից արձակած կրակոցների վերաբերյալ:
Մարտի 13-ին՝ ժամը 10։20-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է , որ գիշերը կրակել են հարեւանի տան վրա։ Մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 36 շենք է մեկնել օպերատիվ խումբ եւ զննությամբ պարզել, որ կրակել են փողոցի կողմից։
Գնդակը անցնելով պատշգամբի արգելապատնեշը, կոտրել էր երկշերտ ապակու դրսի շերտն ու մնացել պատշգամբի դռան մեջ։ Ըստ տուժողի՝ լսվել էր 2-3 կրակոց։
Բարեբախտաբար պատշգամբում մարդ չէր եղել։ Գնդակն անցել էր հենց այն հատվածով, որտեղ տան բնակիչները սովորաբար նստում են։
Գնդակն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։ Ըստ եզրակացության՝ կրակել էին 7,62մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակից։
Մարտի 14-ին, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։
Հանցագործության արագ բացահայտման համար ներգրավվել են նաեւ ոստիկանության Երեւան քաղաքի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները։ Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների հետ ձեռնարկվեցին համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումներ։
Նույն օրը, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզույզները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ կրակոցները հնարավոր է արձակած լինի Խորենացու փողոցի բնակիչ, 35-ամյա Ալբերտ Խոջոյանը՝ իր «ԲՄՎ» մեքենայից։
Տեղեկությունները հաստատվել են տարածքը հսկող մասնավոր տեսախցիկների տեսագրությունների վերծանմամբ, որտեղ պարզ երեւում է դեպի խաչմերուկ շարժվող «ԲՄՎ» մակնիշի մեքենան, որից հենց շարժման ընթացքում արձակվում են կրակոցները։
Ալբերտ Խոջոյանը հայտնաբերվել է Խորենացի փողոցի իր բնակարանից եւ խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին։
Բաժնում նա ոստիկաններին հայտնել է, որ հրազենը պատկանել է պապին եւ պատահաբար է կրակել։ Ոստիկանների ունեցած նախնական տեղեկություններով, մարտի 13-ի գիշերը, Խոջոյանը եղել էր անսթափ վիճակում։
Նրա տան խուզարկությամբ հայտնաբերվել է եւ առգրավվել է 1519 համարի «Նագան» տեսակի ատրճանակը, որը փաթեթավորվեց եւ ուղարկվեց դատաձգաբանական փորձաքննության։
Ալբերտ Խոջոյանը ձերբակալված է։ Քննությունը շարունակվում է։