Իշխանությունների թիվ մեկ մրցակիցը
Իշխանությունները վախեցած են Սեյրան Օհանյանի դաշինքից, քանի որ այն դուրս է Բաղրամյան 26-ի վերահսկողությունից, եւ թիմն ունի ընդգծված քաղաքական դիմագիծ: Սա այնքան ակնհայտ է, որքան այն, որ Արեգակնային համակարգի միակ բնակելի մոլորակը Երկիրն է:
Ասում են, որ Բաղրամյան 26-ից հստակ ցուցումներ են իջեցվել, որ այս ուժին ամեն ձեւով եւ ամենուրեք խանգարեն տեղերում գործունեություն ծավալելու համար:
Սերժ Սարգսյանի վերահսկողությունից դուրս է նաեւ Ծառուկյանի թիմը, սակայն Ծառուկյանի թիմի վտանգը, նրա ռեյտինգն է եւ իշխանությունները կփորձեն նրանց խանգարել փող բաժանելու գործում:
Բաղրամյան 26-ում հույս ունեն, որ փողի գործոնն ամեն ինչ կանի, և Սեյրան Օհանյանի թիմը, ըստ էության, այս տիրույթում մեծ հաջողություն չի կարող արձանագրել: Եվ միակ վտանգն այն է, որ վերջին 15 օրվա ընթացքում երկրի մթնոլորտը քաղաքական դառնա և ընտրությունները փոքր-ինչ սկսեն նմանվել նախագահական ընտրություններին, և այստեղ Սերժ Սարգսյանը կարող է ունենալ լուրջ պրոբլեմներ:
Բաղրամյան 26-ում պահեստային տարբերակ էլ կա՝ կարեն Կարապետյանի ակտիվացումը: Սակայն վերջինիս ակտիվացման պարագայում կարող է առաջանալ մեկ այլ պրոբլեմ՝ Կարեն Կարապետյանի դերն ու նշանակությունը իշխող վերնախավում կարող է կտրուկ մեծանալ, ինչը մեկ այլ տիպի վտանգ է պարունակում Սերժ Սարգսյանի համար: Այս իմաստով, իհարկե Կարեն Կարապետյանի վտանգը պակաս չէ Սեյրան Օհանյանից:
Ավելացնենք,որ ըստ Բաղրամյան 26-ի աղբյուրների, Բաղրամյան 26-ը ցուցում է տվել իր մարզպետներին և քաղաքապետներին առանձնապես չխանգարել Արթուր Բաղդասարյանի թիմին: Ասում են: Մյուսների մասին դեռ համեստաբար լռում ենք:
Եվ այս ամենից հետո արդեն հասկանալի է դառնում այն լայնամաշտաբ հակաքարոզչությունը, որն իրականացվում է Բաղրամյան 26-ի կողմից Սեյրան Օհանյանի և իր թիմակիցների դեմ:
Աննա Բաղդասարյան