Կիմ Չեն Նամին սպանած կինը գիտեր, որ ասեղի մեջ իսկական թույն է
Մալայզիայում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի խորթ եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության մեջ կասկածվող կինը հստակ գիտեր, որ թունավոր նյութ է օգտագործում: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Կուալա Լումպուրում կայացած ասուլիսում այս մասին հայտարարել է Մալայզիայի ոստիկանության ղեկավար Հալիդ Աբու Բաքարը:
«Իհարկե՝ նա գիտեր, որ դա թույն է, եւ հարկավոր է լվանալ ձեռքերը»,- ասել է Աբու Բաքարը: Տեսահսկման խցիկների արձանագրած կադրերում երեւում է, թե ինչպես է նա պահել ձեռքերը, իսկ հետո գնացել է զուգարան՝ ձեռքերը լվանալու:
Ավելի վաղ ոստիկանության կողմից ձերբակալված Ինդոնեզիայի եւ Վիետնամի քաղաքացիները պնդում էին, որ իրենց առաջարկել են մասնակցել թաքնված տեսախցիկի նկարահանումների: