Կառավարությունը 746.6 մլն դրամ է հատկացրել ցորենի արտադրության զարգացման ծրագրի իրականացման համար
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել 2018 թվականին գարնանացանի ցորենի, կանաչ եւ դեղին ոլոռի, գարնանացանի գարու, եգիպտացորենի, առվույտի եւ կորնգանի արտադրության զարգացման ծրագրին: Համապատասխան որոշումը հաստատվել է փետրվարի 22-ի կառավարության նիստին: Որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
Նա տեղեկացրել է, որ այս ծրագրի իրականացման համար «Սերմերի գործակալություն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը նպատակային միջոցներից 746.6 մլն դրամ կտրամադրվի, որից 721.6 մլն դրամը կուղղվի նշված մշակույթների 2.141.5 տոննա սերմացուի ձեռքբերմանը, իսկ մնացած 25 միլիոնը՝ բեռնման եւ բեռնաթափման աշխատանքների կազմակերպմանը:
Որոշման համաձայն՝ սերմերի՝ ըստ գյուղատնտեսական գոտիների տեղական արտադրության կազմակերպումը չափազանց անհրաժեշտ է, քանի որ երկրում հացահատիկային եւ լոբազգի բույսերի կուլտուրաների ինքնաապահովման մակարդակը շատ ցածր են: Նախեւառաջ, ըստ փաստաթղթի, անհրաժեշտ է բարձրացնել կերի կուլտուրաների ինքնաապահովման մակարդակը: