0 հարց եւ 0 ելույթ, բայց գյումրեցիներից կրկին քվե է ակնկալում
ՀՀ Ազգային ժողովում աթոռ շատերն են ցանկանում ունենալ, բայց ինչ նպատակով է պայմանավորված այդ ցանկությունը, դժվար չէ կռահել. բնականաբար, անձնական շահի, սեփական բիզնեսի եւ սեփական կուսակցության նախագծերի համար ձեռք բարձրացնելու նպատակով:
ՀՀ ԱԺ 131 պատգամավորներից 55-ը, ըստ հասարակական կազմակերպություններից մեկի ներկայացրած հաշվետվության, լուռ է մնացել: Այսինքն՝ 0 հարց եւ 0 ելույթ: Նրանց թվում են Գյումրիից ընտրված, Շիրակի մարզը եւ Գյումրին ներկայացնող ՀՀԿ-ականներ` Արման Սահակյանը եւ Աշոտ Աղաբաբյանը:
Արման Սահակյանը, ով ավելի շատ հայտնի է որպես բիզնեսմեն, կարելի է ենթադրել, որ ընդհանրապես կապ չունի օրենսդիր մարմնի հետ: ԱԺ-ում նա մասնակցել է 627 նիստի, որի ժամանակ հանուն ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի 620 անգամ կողմ է քվեարկել, 7 անգամ՝ դեմ, բացակայել է 120 անգամ:
«Ես ուզում եմ նոր շունչ տալ Գյումրիի տնտեսությանը, դարձնել քաղաքը արտաքին ներդրումների համար ավելի գրավիչ»,– սա Արման Սահակյանի խոսքերն են՝ 2012 թվականի ԱԺ ընտրությունների նախաշեմին:
Ներդրումների համար Գյումրին գրավիչ դարձավ միայն Սերժ Սարգսյանի եւ մյուս ՀՀԿ-ականների համար: Այս խոստում-ինքնախաբեությանը զուգահեռ, ինչպե՞ս է ստացվել, որ հանրապետության սոցիալապես ամենաանապահով քաղաքը ներկայացնող Սահակյանը ոչ մի հարց չուներ Գյումրիից եւ գյումրեցու անունից բարձրաձայնելու: Սահակյանի լռությանը զուգահեռ՝ Գյումրիում աղքատությունը 2012-2016 թվականներին հասնում է 46 տոկոսի, իսկ արտագաղթողների թիվը անցնում է 30 հազարի շեմը:
Տրված խոստումները չիրականացրած Արման Սահակյանը Գյումրիում կրկին ոտքի է կանգնել. ցանկանում է 2017-ին եւս ԱԺ պատգամավոր դառնալ՝ ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով: Նա մոռանում է, որ գյումրեցին նախորդի նման միամտորեն չի հավատալու եւ իրեն քվե չի տալու: Բավարար է միայն հիշել, թե Սահակյանի թեթեւ ձեռքով Գյումրիում նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն ինչ խայտառակ պարտություն է կրել: Այն ժամանակ գյումրեցին չվստահեց ՀՀԿ-ին եւ նրա թեկնածուին: Այժմ էլ չի վստահի՝ տեսնելով Սահակյանի անտարբերությունը իր եւ իր խնդիրների նկատմամբ:
Գյումրեցիներից շատերի մոտ հարց է առաջանում, թե ի՞նչ մտադրությամբ է այս անձը ցանկանում կրկին անգամ Գյումրու անունից տեղ զբաղեցնել խորհրդարանում, երբ մի ձեւական հարց չի բարձրացրել հօգուտ Գյումրիի խնդիրների լուծման:
«Իրան ինչ պետք է, որ մեր մասին մտածե: Ինքը էնդեղ է նստել, որ իրա գործերը ու բիզնեսը առաջ տանի: Ինքը Սերժի փեսու ընկերն է, իրան ի՞նչ պետք է, որ Սերժի աչքից ընկնի»,- այս թեմայի շուրջ զրույցում ասաց գյումրեցի մանկավարժներից մեկը, ում արդեն հրահանգել են ընտրել ՀՀԿ-ական թեկնածուին:
Դավիթ Գասպարյան,
Գյումրի