Միլիարդատեր Բիլ Գեյթսը ցանկանում է ավելի շատ հարկ վճարել
Միլիարդատեր Բիլ Գեյթսը, որը տարիներ շարունակ Forbes ամսագրի կողմից ճանաչվել է մոլորակի ամենահարուստ մարդ, CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ ինքը, ինչպես և մյուս հարուստ ամերիկացիները, պետք է ավելի շատ հարկ վճարեն Միացյալ Նահանգների գանձարան:
«Ես բոլորից ավելի շատ հարկ եմ վճարել՝ ավելի քան 10 մլրդ դոլար: Բայց կառավարությունը պետք է իմ կարգավիճակն ունեցող մարդկանցից ավելի բարձր հարկեր գանձի»,-ասել է Գեյթսը:
Microsoft տեխնոլոգիական ընկերության հիմնադիրն ասել է, որ հավանություն չի տալիս նախագահ Դոնալդ Թրամփի նոր հարկային բարեփոխմանը, որը, ըստ Գեյթսի, բխում է ոչ թե միջին խավի, այլ հարուստների շահերից:
Այժմ Գեյթսի կարողությունը գնահատվում է ավելի քան 90 մլրդ դոլար: Միևնույն ժամանակ, նա ռեկորդակիր է համարվում բարեգործությանը տրամադրած սեփական միջոցների քանակով:
Հավելենք, որ այժմ աշխարհի ամենահարուստ մարդն է համարվում Amazon-ի հիմնադիր-ղեկավար Ջեֆ Բեզոսը: