Բանակցում ենք բոլոր շահագրգիռ երկրների հետ՝ Սեւ ծովի եւ Պարսից ծոցի միջեւ տարանցիկ միջանցք բացելու շուրջ. ՀՀ նախագահ
Մենք այժմ բանակցություններ ենք վարում բոլոր շահագրգիռ երկրների հետ, որպեսզի ձեւավորենք նոր տարանցիկ միջանցք Սեւ ծովի եւ Պարսից ծոցի միջեւ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 17-ին, Մյունխենի անվտանգության համաժողովում իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Հուսով ենք, որ հաջողության դեպքում դրա շահառուների ցանկը կլինի ավելի ընդարձակ, քան բանակցային փուլում ներգրավված երկրներն են: Կարծում եմ՝ ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի անդամ երկրների համագործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ շրջանակներում, համապատասխանում է մեր ընդհանուր շահերին եւ տնտեսական առաջընթացին»,-ընդգծել է ՀՀ նախագահը։
Նշենք, որ Մյունխենի անվտանգության համաժողովը նախագահող, դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հրավերով աշխատանքային այցով Գերմանիա ժամանած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովին: Համաժողովի «Ներս, թե՞ դուրս. Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընկած երկրները» խորագրով քննարկման ժամանակ Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով: