«Աշխարհի ոչ մի անկյունում ես դեռևս ինձ այսչափ ազատ և միաժամանակ ապահով չէի զգացել». ռուս լրագրողը կիսվել է Արցախ այցի տպավորություններով (լուսանկարներ)
Արցախյան շարժման 30-ամյակի առթիվ մի խումբ ռուս լրագրողներ այցելել են Արցախ: Ուղևորությունից ստացած տպավորություններով իր ֆեյսբուքյան էջում կիսվել է «Հետաքրքիր աշխարհ» («Интересный мир») ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Շիրյաևը, որի խոսքով՝ Արցախում այնքան շատ լուսանկարներ և տեսանյութեր են արվել, որ ինքը դրանք մշակելու է մաս առ մաս՝ գրելով հոդվածներ, անելով ուշագրավ հրապարակումներ ու կազմելով ֆոտոշարքեր:
«Մոլորակի բազմաթիվ գեղեցիկ ու էկզոտիկ վայրերում լինելով հանդերձ՝ գտնում եմ, որ Ղարաբաղն այն քիչ վայրերից է, որը ես իսկական եմ անվանում: Իհարկե, կան վայրեր, որտեղ լեռներն ավելի բարձր են, բնությունն առավել էկզոտիկ է ու երկրներն ավելի հարուստ են, բայց Ղարաբաղն իսկական է: Իսկ ի՞նչ եմ ես հասկանում իսկական ասելով. այստեղ ապրում են ճիշտ դաստիարակված մարդիկ, որոնք, շատ բան վերապրելով հանդերձ, զարմանալիորեն այդ ամենից որպես մարդ դեպի վատը չեն փոխվել:
Նրանք ոչ մեկից ոչինչ չեն խնդրում: Նրանք միայն ցանկանում են, որ իրենց հանգիստ թողնեն ու թույլ տան հանգիստ ապրել այն հողում, որն իրենցն են համարում: Եվ այս հարցում ես նրանց հետ համակարծիք եմ: Աշխարհի ոչ մի անկյունում ես դեռևս ինձ այսչափ ազատ և միաժամանակ ապահով չէի զգացել, ինչպես Ղարաբաղում: Հաշվի առնելով դրամատիկ պատմությունն ու այս երկրի բարդ ներկան՝ սա որպես պարադոքս է հնչում, բայց փաստ է»,-գրում է լրագրողը՝ իր երախտագիտությունը հայտնելով Արցախ այցելության կազմակերպիչներին:
Լուսանկարներն արվել են Արցախում