«Սրանց ուսերին 1.5 մլն-անոց ցեղասպանություն կա». գերմանացի պատգամավորը կոչ է արել թուրքերին գնալ «այնտեղ, որտեղից եկել են»
Գերմանիայի Պիրնա քաղաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից պատգամավոր Անդրե Պոգենբուրգը հանդես է եկել տեղի թուրքական համայնքին ուղղված քննադատությամբ՝ հիշատակելով նաև Հայոց ցեղասպանության մասին։ Ինչպես գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը, նա թուրքերին «ուղտապաններ» է անվանել ու նշել է, որ թուրքերը որևէ բարոյական իրավունք չունեն խոսելու պատմության ու հայրենիքի մասին:
«Սրանց ուսերին 1.5 մլն-անոց ցեղասպանություն կա: Ու նրանք դեռ մեզ պատմության ու հայրենիքի մասին դասեր են ուզում տալ», - ասել է գերմանացի քաղաքական գործիչը:
Նա հայտարարել է, որ Գերմանիայի թուրքական համայնքի ներկայացուցիչները պետք է գնան «այնտեղ, որտեղից եկել են»:
Նշենք, որ օրեր առաջ էլ ծայրահեղ աջակողմյան պատգամավոր Պոգենբուրգը կոչ էր արել գերմանացիներին բոյկոտել տեղի թուրքական համայնքին պատկանող խանութներն ու արտադրական ձեռնարկությունները։