Ընկերներս հարցնում են՝ ինչի վրա եմ ծախսելու շահած փողերը․ Լապշինն Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ հայցի մասին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը մեկնաբանել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) Ադրբեջանի դեմ իր ներկայացրած հայցը։
«Ընկերներս հարցնում են՝ինչի վրա եմ ծախսելու փողերը, եթե հաղթեմ Եվրոպայի դատարանում Ադրբեջանի դեմ հայցը։ Նույնիսկ չեմ մտածել դեռ, եթե անկեղծ լինեմ։ Նախ կհաղթեմ, ապա կխոսենք։ Բայց ես էլ պատասխան հարց ունեմ։ Ենթադրենք՝ տեսականորեն, ես Ադրբեջանից ստացա 50 հազար եվրո եւ դրանով Ստեփանակերտի կոնյակի գործարանից գնեցի 1000 շիշ լավ հնեցված ղարաբաղյան կոնյակ։ Կնշանակի՞ դա, որ Ադրբեջանն իմ միջոցով ներդրում է կատարում Ղարաբաղի տնտեսությունում», -նշել է բլոգերը ֆեսբուքյան իր էջում։
2016-ի վերջին Լապշինն Ադրբեջանի խնդրանքով Մինսկում ձերբակալվել էր: Ադրբեջանը նրան Արցախ այցելության համար իր սեւ ցուցակում էր ընդգրկել:
Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի խնդրանքը եւ Լապշինին արտահանձնել: Բաքվում դատարանը Լապշինին դատապարտել էր երեք տարվա ազատազրկման:
Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր էր ստորագրել Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին: Միեւնույն ժամանակ պարզվել էր, որ Լապշինին բանտում գրեթե ինքնասպանության էին հասցրել:
Հենց մահափորձն ու խոշտանգումներն էլ հիմք են դարձել Լապշինի կողմից ՄԻԵԴ հայց ներկայացնելու համար։ Դեռ հայտնի չէ, երբ տեղի կունենա դատը։