Քադիրովը Պուտինին մաղթել է պետությունը ցմահ կառավարել
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը Վլադիմիր Պուտինին մաղթել է պետությունը ցմահ կառավարել, ինչպես նաեւ նրան շնորհակալություն է հայտնել այն ամենի համար, ինչ նա երկրի համար արել է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Քադիրովի Telegram-ում հրապարակած գրառումը նվիրված է Չեչնիայի նախագահի պարտականությունների կատարման 11-ամյակին, որում նա ընդգծել է, որ այս տարիներին աշխատել է արդարացնել նրա վստահությունը:
«Մեր Նախագահին, գերագույն գլխավոր հրամանատարին երկար տարիների կյանք եմ մաղթում, որ նա ցմահ կառավարի պետությունը: Իսկ մենք միշտ հավատարմորեն կծառայենք նրան եւ կլուծենք բարձր մակարդակով դրված բոլոր խնդիրները»,- գրել է նա:
Քադիրովը նշել է, որ Պուտինի աջակցության շնորհիվ Չեչնիայի իշխանությունները լիովին արմատախիլ են արել ահաբեկչությունը, ինչպես նաեւ կարողացել են լուծել սոցիալական եւ տնտեսական շատ խնդիրներ: Հիմա, Քադիրովի խոսքով, երկիրը ծաղկում է, իսկ բնակիչների համար ստեղծված են աշխատելու, սովորելու, հանգստանալու եւ ինքնիրացման բոլոր պայմանները: