«Երևանում չեք գտնի միանման փողոցներ կամ շենքեր». Forbes Woman-ի անդրադարձը (լուսանկարներ)
Forbes Woman ամսագրի առցանց տարբերակն ուշագրավ անդրադարձ է կատարել Հայաստանի մայրաքաղաք Երևանին՝ կիսվելով ճամփորդությունից ստացած տպավորություններով.
1. Մոռացեք մեքենայի մասին ու ոտքով քայլեք
«Երևանում չեք գտնի միանման փողոցներ կամ շենքեր»,-գրում է հեղինակ Վալերյա Ֆալալեևան, որը, հիացած Երևանի ուրույն ճարտարապետությամբ, պատմում է քաղաքի ժամանակակից դիմանկարի ստեղծման ու այդ գործում ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի ունեցած ահռելի ներդրման մասին:
Հոգևոր սնունդ ստանալու համար հեղինակը խորհուրդ է տալիս այցելել Մատենադարան:
2. Գնացեք համերգ՝ նախընտրելի է ջազային
«Այստեղ ջազ են լսում ու նվագում 1938թ. սկսած: Malkhas Jazz կոլորիտային ջազ ակումբում կարելի է վայելել Լևոն Մալխասյանի վիրտուոզային նվագը՝ համոզվելով, որ նա զուր չի համարվում հայկական ջազի լեգենդ»,-գրում է Ֆալալեևան՝ Երևանում ամեն տարի անցկացվող միջոցառումների թվում առանձնացնելով «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխությունը:
3. Դուրս եկեք քաղաքի սահմաններից
«Երևանից մի քիչ հեռանալուն պես Ձեր աչքի առաջ կբացվեն գեղեցիկ լեռնային բնապատկերներ, կոլորիտային գյուղեր»,-նշում է հեղինակը՝ տեսարժան վայրերի շարքում առանձնացնելով Սևանալիճը, Գառնու հեթանոսական տաճարը:
4. Համտեսեք լավաշ ու էլի ինչ-որ համեղ բան
«Ավանդական հայկական խոհանոցը չի սահմանափակվում լավաշով, այնուհանդերձ՝ անպայման պետք է համտեսել անմիջապես թոնրից հանված թարմ լավաշը՝ դրա մեջ լցնելով բանջարեղեն, պանիր ու թարմ կանաչեղեն»,- շարունակում է Ֆալալեևան՝ չմոռանալով նշել հայկական պանիրների, խաշի, քյուֆթայի, հարիսայի անկրկնելի համի մասին:
5. Համտեսեք ոչ թե գինի, այլ կոնյակ
Հեղինակը խորհուրդ է տալիս անպայման այցելել Երևանի կոնյակի գործարան ու անձամբ հետևել այս խմիչքի ստեղծման գործընթացին:
«Երևանի «Արարատ» կոնյակի գործարանի վարպետները սպիրտը համեմատում են երեխայի հետ. դրան պետք է դեռ «մանկությունից» ուղղորդել ճիշտ ուղղությամբ, մեծացնել, որպեսզի արդյունքը պատվաբեր ստացվի»,-եզրափակում է լրագրողը: