Կործանված Ան-148-ի անսարքությունները հայտնաբերվել են նաև Sukhoi Superjet 100 օդանավերում
Անսարքությունները, որոնք համարվում են Մերձմոսկովյան շրջանում Ան-148 ինքնաթիռի աղետի պատճառը, հայտնաբերվել են նաև Sukhoi Superjet 100 ինքնաթիռներում: Այդ մասին գրում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալության («Ռոսավիացիա») հաղորդագրությունը, որն ուղարկվել է ավիաընկերությունների ղեկավարություններին, օդանավակայանների օպերատորների և տարածքային մարմիններին:
Նախօրեին Միջպետական ավիացիոն կոմիտեն հայտնել է, որ ինքնաթիռի կործանումը կարող էր տեղի ունենալ թռիչքի արագության մասին սխալ տվյալների պատճառով, որի պատճառը եղել է ճնշման ընդունիչների սառցակալումը:
«Ռոսավիացիա»-ի հաղորդագրությունում նշվում է, որ նման խնդիրներ «Աերոֆլոտ»-ի SSJ100 ինքնաթիռներում հայտնաբերվել են փետրվարի 4-5-ը Մոսկվայում: Երկու օր տևած ձյան առատ տեղումների պատճառով այդ ինքնաթիռներում հայտնաբերվել է յոթ նման անսարքություն:
Անձնակազմերը նշել են օդանավի նավապետի և երկրորդ օդաչուի մոտ արագության ցուցանիշների տարբերության մասին: Միջադեպերը տեղի են ունեցել թռիչքի համար արագություն հավաքելու ժամանակ կամ բարձրություն հավաքելու սկզբնական փուլում: Բոլոր դեպքերում անձնակազմերը դադարեցրել են թռիչքը և վերադարձել են չվերթի օդանավակայան:
Ինչպես ավելի վաղ հայտնի է, փետրվարի 11-ին Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում վթարի է ենթարկվել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից մեկնած և դեպի Օրսկ քաղաք ուղևորվող Ան-148 ինքնաթիռը: Ինքնաթիռի կործանման պատճառը, նախնական տվյալներով, շարժիչներից մեկի խափանումն ու դրան հաջորդած բռնկումն է եղել: Ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ՝ 71 հոգի, զոհվել են, այդ թվում՝ 2 հայ։