Դրախտային կերպարանքով ՀՀԿ-ականներն ընդդեմ «ահաբեկիչների»
ՀՀԿ-ականները դրախտի կերպարանքն ունեն, իսկ ընդդիմադիրները կամ նրանց գործունեությունը քննադատողները «սատանայական» ուժ են եւ ահաբեկիչ: Այսպսին է ՀՀԿ-ի արձագանքը փետրվարի 13-ին տեղի ունեցած միջադեպին կամ միջադեպերի շարանին:
Երեւանի ավագանու անդամ ՀՀԿ-ական Հասմիկ Սարգսյանին որեւէ ՀՀԿ-ական չընդհատեց, չկանգնեցրեց եւ նա ՀՀԿ-ականներին անվանեց դրախտի կերպարանքով մարդիկ, իսկ ընդդիմադիրներին սատանայական ուժ:
Փոխանակ ՀՀԿ-ն հետեւությւոններ աներ, արագ եւ սթափ արձագանքեր կատարվածին, ականատես եղանք հերթական ծածկադմփոցին: Ստացվում է, որ դրախտի կերպարանք ունեն նրանք, ովքեր տարիներ շարունակ չեն նկատել, որ կեղտաջրերը հոսում են քաղաքի փողոցներով եւ գարշահոտություն տարածում: Ստացվում է, որ դրախտի կերպարանք ունեն ՀՀԿ-ականներ Հովհաննես Ավանեսյանը, Գոռ Վարդանյանը, Դավիթ Օհանյանը, Էդմոնդ Կիրակոսյանը, Սերգեյ Մկրտչյան եւ Վասպուրակ Մարտիրոսյանը, որոնք այս կամ այն չափով բռնության ենթարկեցին ավագանու կին անդամին:
Մտահոգիչ է նաեւ Երեւանի քաղաքապետարանի տարածած հայտարարությունը: Փոխանակ դատապարտեին կնոջ նկատմամբ ուժ կիրառած ՀՀԿ-ականներին, փոխանակ խոստանային պաշտոնանկ անել նրանց կամ առաջարկել վայր դնել մանդատը, փոխանակ ներողություն խնդրեին, որ կոյուղին մինչ օրս անսարք վիճակում է եւ «Երկիր ծիրանի» խմբակցությանն էլ հորդորեին այսուհետ խնդիրները ներկայացնել ավելի անվտանգ եւ քաղաքակիրթ եղանակով, վերցրին եւ այնպիսի հայտարարություն արեցին, որից երեւանցին եւ ՀՀ քաղաքացին կարող է հասկանալ միայն, որ Տարոն Մարգարյանը մտադիր է շարունակել նույն ձեւով եւ մեթոդներով եւ անել որոշակի եւ հստակ եզրահանգումներ:
Վարդուհի Հարությունյան
Top-News.am