ՃՈ ծառայողներն ազատվել են պաշտոններից՝ անջատած տեսախցիկներով ծառայություն իրականացնելու համար
Ճանապարհային ոստիկանությունում կադրային ազատումներ են եղել։Tert.am-ի տեղեկություններով՝ մի քանի ծառայողներ ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից։
Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը։
«ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Ճանապարհային ոստիկանության 3 ծառայող ենթարկվել է կարգապահական տույժի և ազատվել պաշտոններից»,-ասել է ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը։
Հարցին, թե ո՞րն է եղել կարգապահական տույժի ենթարկելու և պաշտոններից ազատելու պատճառը, Էդգար Ջանոյանն ասաց, որ պատճառը ծառայությունն անջատված տեսախցիկներով իրականացնելն է եղել։
Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետը նաև հայտնեց, որ ևս մեկ ՃՈ ծառայող ազատվել է ոստիկանությունում ծառայությունից. «Վերջինս նախկինում զգուշացված է եղել անջատված տեսախցիկով ծառայություն իրականացնելու համար»։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր, որ համակարգում կադրային լուրջ քաղաքականություն են վարելու, և այն կարծրացած մարդիկ, ովքեր չեն կարողանում ձևափոխվել, կփոխարինվեն երիտասարդներով։