Մտադրություն չունի դադարեցնելու. «Միայնակ գայլը» շարունակում է հացադուլը
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը շարունակում է փետրվարի 16-ից սկսած հացադուլը: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանը: Նա նշեց, որ այսօր է տեսակցել իր պաշտպանյալին, «Միայնակ գայլը» բժիշկների հսկողության տակ է, առողջական խնդիրներ չունի եւ մտադրություն չունի հացադուլը դադարեցնելու: «Միայնակ գայլը» հացադուլ է հայտարարել` ի աջակցություն «Հաց բերող» Արթուր Սարգսյանի եւ եղբոր` Արարատ Խանդոյանի:
«Արայիկ Խանդոյանն այս հացադուլով իր աջակցությունն է հայտնում Արթուր Սարգսյանին, եղբորը՝ Արարատ Խանդոյանին, որի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում, ինչպես նաեւ ի աջակցություն Ներսես Պողոսյանի եւ Սարի թաղի գործով կալանավորված տղաների»,- ասաց նա:
Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):