Շարունակում ենք քիչ երեխա ունենալ եւ արտագաղթել
Ստալինը միամիտ մարդ էր: Այնքան միամիտ էր, որ Սիբիրը, Հեռավոր Արեւելքը բնակեցնելու համար քրեական գործեր էր հորինում եւ մարդկանց աքսորում այնտեղ: Բացառություն չէին կազմում նաեւ հայերը:
Այսօր հայերը ինքնակամ են մեկնում Սիբիր եւ Հեռավոր Արեւելք, ավելին, անգամ պատրաստ են հսկայական գումար ծախսել այնտեղ հայտնվելու համար:
2017-ը բացառություն չկազմեց: Հայաստանցիները շարունակեցին արտագաղթել եւ առաջին հերթին բնակվել եւ շենացնել Ռուսաստանը: Անցած տարի Հայաստանից հեռացել է եւս 27 հազար մարդ:
Ցավոք, արդեն մեր երկրում մնացել է այնքան քիչ բնակչություն, որ ծնելիության հաշվին չենք կարողանում գոնե մի փոքր փոխհատուցել երկրին արտագաղթի հասցրած վնասները:
2017-ին ծնվել է ընդամենը 37 հազար 699 երեխա: Մոտ երեք հազարով ավելի քիչ քան 2016-ին եւ չորս հազարով քիչ՝ քան 2015-ին: Պատկերն իրոք մտահոգիչ է: Իսկ եթե հաշվի առնենք նաեւ, որ անցած տարի մահացել է 27 հազար 367 մարդ, ապա բնական աճը կազմում է ընդամենը 10 հազար 332: Եւ այս թվերը գումարել հանելով ստանում ենք, որ 2017-ին բնակչությունը նվազել է 16.5 հազարով:
Իհարկե, չենք կարող պնդել, որ հայ կանայք քիչ երեխաներ են ընդունում, բայց դժվար է հավատալ նաեւ, որ հազար բնակչի հաշվով ծնվում է ընդամենը 12.7 երեխա: Անգամ մակերեսային դիտարկումը եւ հաշվարկները հուշում են, որ հազար բնակչի հաշվով իրականում ծնվում է 17-18 երեխա:
Բանն այն է, որ ինչ-ինչ պատճառներով վիճակագրությունը Հայաստանի առկա բնակչության թիվն ուռճացված է ներկայացնում՝ 2 մլն 973 հազար: Եթե ներկայացվի այնպես, ինչպես կա՝ 2 մլն, ապա կստացվի, որ հազար բնակչի հաշվով ծնելիությունը մոտ 16 է՝ այնքան, որքան իրական նվազագույնն է:
Այնպես որ, խնդիրը ոչ թե մեր կանայք են կամ ընտանիքները, այլ երկրի իրական վիճակը՝ տնտեսությունը, բարոյահոգեբանական վիճակը, քարոզչությունը եւ արդարության գրեթե իսպառ բացակայությունը:
2040-ին գոնե չորս միլիոն բնակչություն ունենալու համար պետք է նախ եւ առաջ կանգնեցնել կամ գոնե նվազեցնել արտագաղթը: Եթե տարեկան Հայաստանի բնակչությունը միգրացիայի հետեւանքով նվազի ոչ թե 30 հազարով, այլ գոնե 5 հազարով, եւ հազար բնակչի հաշվով ծնելիությունը հասցնենք գոնե 25-ի կամ եթե ամեն տարի ծնվի մոտ 50 հազար երեխա, ապա բնակչությունն ամեն տարի կավելանա 18 հազարով եւ 2040-ին այսօրվա դրությամբ բնակչությունը կաճի 500-700 հազարով:
Հակոբ Ասատրյան
Top-News.am