Գավառային մտածողությամբ էլիտա ունեցող երկիրը
Մի երկրի մի ոմն քաղաքական գործիչ ստորագրահավաք է կազմակերպել, որ Երեւանից հանվի Գարգեին Նժդեհի արձանը: Սա բավական է, որ հայաստանյան էլիտան սկսի լուրջ քննարկումներ ծավալել այս հարցի շուրջ:
Ոմանք հայհոյում են առաջարկի հեղինակին, ոմանք եւ հեղինակին, եւ այդ հեղինակի երկրին, ոմանք հեռուն գնացող հետեւություններ են անում, ոմանք՝ կոչ անում ոտքի ելնել իմպերիալիզմի եւ գաղութատիրության դեմ, ոմանք փողով են գոռում, ոմանք՝ անփող, ոմանք հուզական, ոմանք հատուկ հաշվարկով:
Եւ այս ամենի պատճառն այն է, որ մենք, ինչպես ժամանակին ճիշտ բնորոշել էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպան պարոն Լեգրան, մեզ պահում ենք կայսրության ծայրագավառում ապրող գավառային մտածողությամբ բնակչի նման, թեեւ վաղուց արդեն անկախ պետություն ունենք:
Եթե մեր էլիտան է այսպիսին, ապա ինչպիսի՞ն պետք է լինի հասարակ ժողովուրդը: Չե՞ք կարծում, որ ժամանակն է չտեսնելու տալ հեռու երկրում ապրող եւ տարօրինակ հայտարարություններ անող մարդուկներին: Դադարեք նրանց ընկալել որպես տեր եւ ղեկավար: Մի մոռացեք, որ ինչպես նա, այնպես էլ դուք պետություն ունեք եւ ծայրահեղ դեպքում հումոր արեք, դուք էլ ստարագրահավաք կազմակերպեք, որ այդ երկրում էլ հանեն սրա կամ նրա արձանը:
Չի կարելի այսպես ապրել՝ պետություն ունենալ, բայց ապրել կայսրության ծայրագավառի բնակչի գիտակցմամբ:
Top-News.am