Հայաստանն ու Ադրբեջանը ոչ մի կերպ խոսքից չեն անցնում գործի
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը նշանակալի է նրանով, որ տեղի է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջերս արած հայտարարության ֆոնին, համաձայն որի՝ հնարավոր չէ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել մեկ փաստաթղթով, գրում է «Независимая Газета»-ն:
Կրակովում հանդիպման նախօրեին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը դժգոհություն էր հայտնել առ այն, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչներն ազատ տեղաշարժվում են աշխարհով, հանդիպում են արևմտյան քաղաքական գործիչների և հասարակության ներկայացուցիչների հետ: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հայկական կողմը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների հետ կշարունակի հակամարտության խաղաղ կարգավորման առաջխաղացման ուղիների որոնումը: Նրա խոսքով՝ համապատասխան պայմանները կարող է ստեղծել Ադրբեջանի կողմից նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացումը:
Կայքի հետ զրույցում, մեկնաբանելով Կրակովում կայացած հանդիպումը, վերլուծաբան Բորիս Նավասարդյանը նշել է, որ հանդիպումն անց է կացվել այնպիսի պայմաններում, երբ միջազգային հանրությունը և առանձին դերակատարներ աշխարհաքաղաքական իրավիճակի և սեփական շահերի պատճառով ցուցադրում են հակասությունները լուծելու վճռականություն: Հենց այդ համատեքստում է հարկավոր դիտարկել ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնած Իտալիայի հայտարարություններն այն մասին, որ հակամարտությունը լինելու է այդ կազմակերպության ուշադրության կենտրոնում, ինչպես նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որով նա ընդգծել է կարգավորման փուլային մոդելին հանձնառությունը և հասկացրել է, որ առաջին քայլը չպետք է իրեն երկար սպասեցնի:
«Նման պայմաններում ոչ մեկ չի ցանկանում ընկալվել որպես խոչընդոտ միջազգային նախաձեռնությունների համար և դրանով հակառակորդին զիջել գործընթացի կառուցողական մասնակցի իմիջը: Հենց այդ հանգամանքի հետ է նախևառաջ կապված Լավրովի հայտարարությանը հակամարտող կողմերի դրական արձագանքը»,- ասել է Բորիս Նավասարդյանը:
Նա նշել է, սակայն, որ սխալ կլիներ պաշտոնական հայտարարությունները դիտարկել որպես դիրքորոշումների մերձեցման վկայություն: «Փուլային մոդելի» մեկնաբանությունը մնում է խիստ հակասական: Բացի այդ, վկայակոչելով փուլային մոդելը, և՛ Բաքուն, և՛ Երևանը փաստում են գործընթացի վերջնակետի վերաբերյալ սեփական պատկերացումների այլընտրանք չունենալը:
Նման հանգամանքներում խելամիտ կլիներ փուլային գործընթացը սկսել ավելի համեստ քայլերից, որոնք կբարելավեին ապագա փոխզիջումների համար մթնոլորտը՝ նախևառաջ ուժեղացնելով հրադադարի պահպանման ուղղությամբ միջոցները: Կողմերի միջև վստահության մեծացման մեկ այլ հնարավորություն է մարդասիրական հարցերի վերաբերյալ երկխոսության վերսկսումը, ագրեսիվ քարոզչության նվազեցումը: