Հայ տղամարդը Ռուսաստանում միայնակ կանա՞նց է բռնաբարել
Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի Կուրսկի մարզային քննչական վարչության Ժելեզնոգորսկի միջշրջանային քննչական բաժինը քրեական գործ է հարուցել Հայաստանի 31-ամյա քաղաքացու՝ Ժելեզնոգորսկի բնակչի դեմ, որը կասկածվում է սեռական բնույթի գործողություններ և կողոպուտ իրականացնելու համար: Այդ մասին հայտնում է ՌԴ քննչական կոմիտեի Կուրսկի մարզային քննչական վարչության կայքը:
Քննության համաձայն՝ կասկածյալն իր « ВАЗ-2110» մեքենայով զբաղվել է քաղաքում մասնավոր փոխադրումներով: Իր տրանսպորտային միջոցով նա հետապնդել է կանանց՝ նրանց նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու մտադրությամբ:
Այդպես, 2018 թվականի լույս հունվարի 4-ին կասկածյալը, հետևելով զոհին, քաղաքի Լենինի փողոցի բազմաբնակարան շենքերից մեկի վերելակում հարձակվել է 29-ամյա կնոջ վրա և նրա նկատմամբ բռնություն կիրառելով սեռական բնույթի գործողություն կատարել: Մեկ ժամվա ընթացքում նա կրկին նկատել է տուն գնացող մեկ այլ կնոջ, և որոշելով համանման հանցագործություն գործել՝ մեկ այլ փողոցի շենքի վերելակում հարձակվել է նրա վրա, սակայն վախենալով՝ հրաժարվել է սեռական բնույթի գործողություններ կատարել և գողացել է նրա բջջային հեռախոսը:
Այդ հանցագործությունները կատարելուց հետո կասկածյալը հեռացել է Ժելեզնոգորսկից և ձերբակալվել է Մոսկվայի մարզում:
Կանայք ճանաչել են կասկածյալին:
Այժմ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, նրան պետք է մեղադրանքներ առաջադրվեն:
Քննությունը չի բացառում, որ կասկածյալը համանման գործողություններ է կիրառել նաև այլ կանանց նկատմամբ, այդ պատճառով խնդրել է նրա հանցավոր գործողություններից տուժած քաղաքացիներին դիմել Ժելեզնոգորսկի միջշրջանային քննչական բաժին: