Հայաստանում ավելի լավ է, քան Շվեյցարիայում (լուսանկարներ)
«Կոմսոմոլսկայա պրավդա. Վորոնեժ» թերթը հրապարակել է Հայաստանին նվիրված անդրադարձ, որը գրվել է մեր երկիր կատարած ուղևորության արդյունքում:
Անդրադարձի հեղինակը նկատում է, որ հնագույն երկիր կատարած ուղևորությունն անմոռանալի են դարձնում հեքիաթային վայրերը, տաք կլիման, տեղի խոհանոցն ու բարեսիրտ մարդիկ, որոնք խոսում ու հասկանում են ռուսերեն:
«Հայաստանում ավելի լավ է, քան Շվեյցարիայում: Առաջին վայրը, որ ձմռանը Հայաստան եկած զբոսաշրջիկը պետք է այցելի, Ծաղկաձորն է: Հանգստի այս կենտրոնն ամենամեծն ու հայտնին է երկրում»,-նշվում է անդրադարձում:
Հեղինակը նկատում է, որ այն իր հարմարություններով չի զիջում Շվեյցարիային, և ի տարբերություն այդ երկրի՝ գներն այստեղ ավելի մատչելի են:
Ծաղկաձորից բացի հեղինակը խորհուրդ է տալիս զբոսաշրջիկներին լինել Կովկասի գոհար համարվող Սևանա լճում, Գառնի հեթանոսական տաճարում, քարանձավափոր Գեղարդի վանքում, Երևանի կոնյակի գործարանում, ինչպես նաև ուսումնասիրել Երևանի տեսարժան վայրերը՝ այդ թվում նաև «Մեգերյան կարպետ» գորգագործական ֆաբրիկան: Հեղինակը նկատում է, որ այստեղ գորգեր են պատրաստվում հոլիվուդյան աստղերի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար:
«Հայաստանը կարող է սիրահարեցնել իրեն: Յուրաքանչյուրը կկարողանա այնտեղ իրեն հոգեհարազատ բան գտնել՝ սահել ձյունապատ լանջերով, հիանալ լճի ու այն երիզող լեռների պատկերով, զմայլվել ճարտարապետական հուշարձաններով, ծանոթանալ հայկական ինքնատիպ խոհանոցին, վայելել բաց ու բարեսիրտ մարդկանց հետ շփումը»,-եզրափակել է հեղինակը: