Կարո՞ղ է եւ ուզո՞ւմ է արդյոք Սերժ Սարգսյանը ձեռք բերել հասարակական լեգիտիմություն
Այն, որ Սերժ Սարգսյանն ապրիլից հետո դառնալու է վարչապետ, արդեն ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում: Քաղաքական տեսանկյունից Սերժ Սարգսյանը ոչ մի խոչընդոտ չունի, ամենայն հավանականությամբ, նրա թեկնածությանը կողմ կքվեարկեն ներկայիս ԱԺ-ում պատգամավորների ավելի քան 90 տոկոսը:
Ինչ վերաբերվում է ԵԼՔ դաշինքին, ապա նրանց վարկանիշը երկրում չնչին է: Նրանց ոչ ոք լուրջ ուժ չի համարում, ավելին, նրանք էլ լուրջ հավակնություններ չունեն և իշխանափոխության մասին չեն էլ մտածում: Ի դեպ, վերջին 26 տարվա ընթացքում առաջին անգամ է, որ իրեն տիտղոսային ընդդիմություն համարող ուժը նույնիսկ ձևականորեն իշխանափոխության հայտ չի ներկայացնում: Այդ իմաստով, գործող նախագահին հաջողվել է ամբողջությամբ մաքրել քաղաքական դաշտը անվերահսկելի գործոններից:
Ապրիլից հետո հանրության մեջ առաջանալու է կայուն տեսակետ, որ ներկայիս ԱԺ-ն ՀՀԿ-ից այլևս ոչնչով չի տարբերվում, իսկ սահմանադրական փոփոխություններն էլ անցկացվել են բացառապես մեկ մարդու համար: Ընդ որում, ներկայիս ԱԺ-ի 4 խմբակցություններն էլ աջակցել են այդ փոփոխությունները, ինչը կնշանակի , որ ապրիլից հետո հանրության համար ԱԺ-ն կասոցացվի Գալուստ Սահակյանի հետ:
Ճիշտ է, որ այսօր Սերժ Սարգսյանը ունի բարձր լեգիտիմություն ներկայիս ԱԺ-ում, գործադիր իշխանության համակարգում , օլիգարխիկ շրջանակների մոտ: Սակայն ճիշտ է նաև այն, որ նա ունի ցածր լեգիտիմություն հասարակության մեջ: Ցածր լեգիտիմություն ունեն հասարակության մեջ նաև ԱԺ-ն և կառավարությունը: Իսկ ապրիլից հետո նրանց դերը գրեթե կզրոյանա հանրության մեջ, և մարդիկ կհասկանան, որ երկրում փոփոխություններն այլ հարթակներում պետք է փնտրել: Սովորաբար անցումային փուլում գտնվող երկրներում կառավարությունների և ԱԺ-ների վարկանիշները բարձր չեն լինում, և նրանց լեգիտիմության բացը լրացնում են բարձր վարկանիշ ունեցող առաջնորդները, Պուտինը` Ռուսաստանում, Լուկաշենկոն` Բելառուսում, Նազարբաևը՝ Ղազախստանում, Ալիևը՝ Ադրբեջանում:
Ահա հենց այստեղ է, որ ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլև ներկայիս համակարգը կանգնելու է լուրջ երկնտրանքի առջև: Եվ եթե Սերժ Սարգսյանը չի օգնելու համակարգին իր առաջնորդի իմիջով, ապա ո՞րն է լինելու նրա առաքելությունը, ավելին, նա խանգարելու է այդ համակարգին, իր ցածր վարկանիշով, երկրում կայունություն պահպանելու համար: Սովորաբար, այդ ժամանակ առաջանում են մարդիկ, համակարգի ներսում, ովքեր հիմնավորում են, որ պետք է ազատվել ցածր վարկանիշ ունեցող առաջնորդից, իսկ երբ դա ուշանում է, ապա նման գործիչներ առաջանում են համակարգից դուրս, նույնիսկ Սասնա Ծռերի օրինակով:
Լինում է նաև երրորդ կոմբինացված տարբերակը , ինչպես որ դա եղավ Հայաստանում 1997-98 թվականներին: Հնարավոր է նաև չորրորդ տարբերակը, եթե իհարկե աստված չանի, ներկայիս կայունությունը փլուզվի ադրբեջանական նոր հավանական ագրեսիայի արդյունքում: Այդ դեպքում իհարկե երկրում փոփոխությունները կլինեն առավել վտանգավոր եղանակով:
Հաշվի առնելով վերը նշվածը, կարող ենք հաստատակամորեն պնդել, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն ուզում է, այլև խորապես համոզված է, որ առանց հասարակական լեգիտիմության մեծ հաշվով նա ապագա չի կարող ունենալ, հատկապես, որ նա գործելու է պառլամենտական կառավարման համակարգում և փաստացի 3-րդ անգամ հայտ է ներկայացնելու երկրի կառավարման գործում։
Աշոտ Խաչատրյան
(շարունակելի)
Top-News.am