«Այցելել եմ երկրի տեսարժան վայրերը՝ զորամաս, ոստիկանական բաժանմունք...».Ադրբեջանից հեռացած ռուս գիտնականի հեգնական գրառումը
Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի աստղագիտության ինստիտուտի աշխատակից Դմիտրի Չուլկովը հայրենիք վերադառնալուց հետո գրառում է արել «ВКонтакте» սոցիալական ցանցում:
«Իմ ամանորյա ճանապարհորդությունը հյուրընկալ Ադրբեջան ավարտվել է: Այցելել եմ հանրապետության նշանավոր տեսարժան վայրերը՝ զորամաս, ոստիկանական բաժանմունք, դատարան, ժամանակավոր պահման (10 օր) մեկուսարան, երկու արտաքսման կենտրոն: Նման ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով հունվարի 5-16-ը հնարավորություն չեմ ունեցել մտնել համացանց և զանգերին պատասխանել, ձեր ներողամտությունն եմ հայցում»,- գրել է Չուլկովը:
Գիտնականը խոստացել է մանրամասներ գրել իր արկածների մասին և շնորհակալություն է հայտնել իրեն ցուցաբերած աջակցության համար:
«Ձեր աջակցությունը հաղթահարել է բոլոր սահմանները, ճաղերն ու պատերը»,- գրել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանում կորել է ՌԴ քաղաքացի, ՌԴ գիտությունների ակադեմիայի աստղագիտության ինստիտուտի աշխատակից Դմիտրի Չուլկովը:
Չուլկովը Գյանջա էր մեկնել հունվարի 3-ին և մնացել քաղաքի մասնավոր իջևանատներից մեկում։
Իջևանատան տիրոջ խոսքով՝ հունվարի 5-ին հյուրը գնացել է Գյոյգյոլ լիճը տեսնելու։ Տանտերը խորհուրդ է տվել Չուլկովին գնալ տաքսիով, սակայն նա նախընտրել է ոտքով գնալ ու չի վերադարձել։ Որոշ ժամանակ անց նրա համար են այցելել անվտանգության ծառայության աշխատակիցները, խուզարկել տունը, վերցրել նրա իրերը։
Հաղորդվում է, որ գիտնականը լճի ճանապարհին գտնվող զորամասի մոտ մտել է արգելված գոտի ու սկսել լուսանկարել զորամասը, և չնայած զինվորների պահանջներին՝ շարունակել է լուսանկարել: Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը:
Հետաքննությունից հետո իրավապահ մարմինները նրա մասին տեղեկություններն ուղարկել են դատարան, որն էլ հունվարի 5-ին կալանավորել է նրան 10 օրով: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Դմիտրի Չուլկովը ներողություն է խնդրել իր գործողությունների համար: