ԵՄ-ն ու Թուրքիան պլանավորում են բարձր մակարդակի հանդիպում անցկացնել մարտի վերջին
Եվրամիությունն ու Թուրքիան պլանավորում են բարձր մակարդակի հանդիպում անցկացնել մարտի վերջին, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով գերմանական Welt պարբերականին:
Աղբյուրը փոխանցում է, որ Բրյուսելը մտադիր է կարգավորել հարաբերություններն Անկարայի հետ: Սպասվող հանդիպման ընթացքում հիմնական քննարկումները կլինեն միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, միգրացիոն քաղաքականության, էներգետիկ խնդիրների, ուսանողների փոխանակման ծրագրերի թեմաներով:
Նախատեսվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը ներկա կլինեն Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, Եվրախորհրդի և Եվրախորհրդարանի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Անտոնիո Տայանին, ինչպես նաև Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը՝ որպես 2018 թվականի առաջին կեսին ԵՄ խորհրդում նախագահող երկրի ներկայացուցիչ:
Հանդիպման վայրն ու հստակ ամսաթիվը դեռևս անհայտ է: