Վիրահայոց թեմը դիմել է դատարան եւ պահանջում է Թանդոյանց եկեղեցին վերադարձնել թեմին
Թբիլիսիի Թանդոյանց եկեղեցին կեղծ փաստաթղթի հիման վրա վրաց պատրիարքարանին փոխանցելու հարցով Վիրահայոց թեմը դիմել է դատարան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վիրահայոց թեմի մամուլի եւ լրատվության բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը: Նա նշեց, որ դատարան ներկայացրած հայցով պահանջում են եկեղեցին վերադարձնել Վիրահայոց թեմին, քանի որ եկեղեցու հայկական լինելը ոչ մի կասկած չի հարուցում եւ բոլոր փաստերով, արխիվային նյութերով ապացուցված է:
«Եվ իշխանության, եւ պատրիարքարանի ներկայացուցիչների միջեւ հանդիպումներ, բանակցություններ տեղի են ունենում, բայց, այնուամենայնիվ, որոշվել է եկեղեցին Վիրահայոց թեմին վերադարձնելու պահանջով հայտ ներկայացնել դատարան»,-ասաց նա:
Նշենք, որ 2017թ. ապրիլին Վրաց պատրիարքարանի քարտուղար Բոթքովելին դիմել է Վրաստանի հուշարձանների պահպանության եւ վերականգնման գործակալություն՝ Թանդոյանց եկեղեցու մասին տեղեկություններ ստանալու: Գործակալությունը կեղծ փաստաթուղթ է ներկայացրել, թե իբր այդ եկեղեցին նախկինում եղել է վրացական, որի հիման վրա էլ այն փոխանցվել է վրաց պատրիարքարանին որպես սեփականություն:
Թանդոյանց Սբ. Աստվածածին եկեղեցին գտնվում է Թբիլիսիի Կուկիո կոչված թաղամասում, այն կառուցվել է 19-րդ դարում: Մինչեւ խորհրդային տարիները գործել է որպես հայ առաքելական եկեղեցի, հետո վերածվել է կինոթատրոնի:
Կուկիո թաղամասում, մինչ Թանդոյանց Սբ. Աստվածածին եկեղեցու հիմնադրումը, գործել է Սբ. Աստվածածին անվամբ Հայ առաքելական եկեղեցին: