Գագիկ Հարությունյանն անպաշտոն չի մնա
«Հայկական ժամանակ. թերթը գրում է. «Ըստ մամուլի տեղեկությունների՝ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը պաշտոնը լքելուց հետո նշանակվելու է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ: Բանն այն է, որ այս տարվա մարտի 23-ին լրանում է Գագիկ Հարությունյանի 70-ամյակը, հետեւաբար՝ նաեւ պաշտոնավարման ժամկետը: Իշխանությունները, սակայն Հարությունյանին թոշակի ուղարկելու մտադրություն չունեն: Նախ, քննարկվում էր Հարությունյանին երկրի նախագահի թեկնածու առաջադրելու հնարավորությունը, հիմա, փաստորեն, ՍԴ գործող նախագահի համար այլ տարբերակ է քննարկվում:
Նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո Արդարադատության խորհրդի նախագահի պաշտոնը, որը ի պաշտոնե զբաղեցնում է երկրի նախագահը, կվերանա: Նախատեսվում է ստեղծել Բարձրագույն դատական խորհուրդ, որը բաղկացած է լինելու տասը անդամից, հինգը լինելու են Ազգային ժողովից, հինգը՝ բոլոր ատյանների դատարանների դատավորներից: Խորհրդի անդամներն ընտրվելու են հինգ տարի ժամկետով՝ առանց անընդմեջ վերընտրվելու իրավունքի: Բարձրագույն դատական խորհրդի անդամ կարող է լինել դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորը: Խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների եւ դատավորների անկախությունը:
Նշենք նաև, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամի աշխատավարձը Վճռաբեկ դատարանի դատավորի վարձատրությունից (1 միլիոն 330 հազար դրամ) պակաս լինել չի կարող:
ԱԺ-ի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ կարող է ընտրվել միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով եւ մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ իրավաբան գիտնական եւ այլ հեղինակավոր իրավաբան հանդիսացող անձը:
Սակայն ԱԺ-ի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամը այլևս չի կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ ու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, առեւտրային կազմակերպություններում պաշտոն զբաղեցնել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում