Ես այդ գործի մեջ շատ զգացմունքներ եմ դրել. Սերժ Թանկյանը «Բնաջնջման մտադրություն» ֆիլմի երաժշտության ստեղծման մասին
Ամերիկյան System of A Down (SOAD) ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ծավալուն հարցազրույց է տվել հեղինակավոր Rolling Stones ամսագրին՝ խոսելով Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի համար երաժշտություն գրելու բարդությունների մասին:
Նա անդրադարձել է ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրություն» ֆիլմին, որի սաունդթրեքի հեղինակն ինքն է:
«Դա Ցեղասպանության ժխտման մասին անհավանական վավերագրական ֆիլմ է, որն այնքան հոգեհարազատ էր ինձ, ընտանիքիս: Տատս ու պապս Ցեղասպանությունը վերապրածներ են, իսկ ես ամբողջ կարիերայիս ընթացքում խոսել եմ Ցեղասպանության մասին, կապել այն ներկայի հետ: Այս առումներով նման ֆիլմի համար երաժշտություն գրելը հոգեբանորեն բարդ էր: Ես այդ գործի մեջ շատ զգացմունքներ եմ դրել: Ջոն այնքան երջանիկ էր, որ կարողացա երաժշտության միջոցով փոխանցել այն, ինչ կատարվում էր ֆիլմում»,-նշել է անվանի ռոքերը:
Խոսելով ֆիլմի վրա աշխատելու ընթացքում ամենամեծ բարդության մասին՝ Թանկյանն ասել է, որ դա, հավանաբար, Ցեղասպանության փաստը մերժողի խոսքն իր ստուդիայում լսելն ու այդ կադրերի համար երաժշտություն գրելն էր:
«Ջոն վավերագրական ֆիլմի վարպետ է ու միշտ ներառում է հակադիր կարծիքներ: Նա ֆիլմում ներառել է Ցեղասպանությունը ժխտողի խոսքն ու դա ուղղակի սարսափելի էր: Նստել ստուդիայումս, նայել կադրերը, լսել ժխտողին ու դրա հիման վրա երաժշտություն գրել. ես Ջոյին ասացի, որ դա գարշելի է: Դա չափազանց բարդ էր: Հասկանում եմ, որ ֆիլմի համար երաժշտություն գրելու համար պարտադիր չէ չափից ավելի զգացմունքայնություն դրսևորել: Պարտադիր չէ անպայման լացել աշխատանքային գործընթացի ժամանակ, բայց երբ նման բան տեղի է ունենում, նշանակում է, որ ֆիլմն իրոք ազդեցիկ է»,-ասել է Թանկյանը:
Այնուհետ նա անդրադարձել է Ցեղասպանության մասին մեկ այլ ֆիլմի՝ «Խոստում»-ին, որի սաունդթրեքի ստեղծման վրա ինքն աշխատել է այս տարի կյանքից հեռացած Քրիս Քորնելի հետ:
Թանկյանի կարծիքով՝ ֆիլմի ամենաազդեցիկ պահն այն է, երբ հոլիվուդյան աստղ Քրիստիան Բեյլի հերոսը մտնում է հյուրանոց ու հայտարարում՝ «նրանք սպանում են տղամարդկանց, կանանց ու երեխաներին քշում անապատ»:
«Ես ասացի Քրիստիան Բեյլին, որ այդ հայտարարությունն ամբողջ ֆիլմի հիմքն է: Այն տևում է 15 վայրկյան, բայց այնքան ազդեցիկ է»,-նշել է Թանկյանը՝ հավելելով, որ այս ֆիլմի վրա աշխատելու ընթացքում շատ էր մտերմացել ու ընկերացել Քորնելի հետ:
«Հայոց ցեղասպանության հարցում կարևոր է հասնել այն գիտակցմանը, որ դա ուղղակի 100 տարի առաջ կատարված դեպք չէ. այդ «կեղտը» հիմա էլ է կատարվում աշխարհում: Քրիսին հաջողվեց այդ ամենն արտացոլել երգում, նա ստեղծեց այդ կապը, ինչի համար ես նրան երախտապարտ եմ»,-ասել է Թանկյանը:
Նա պատմել է, որ այժմ երաժշտություն է գրում 1988թ. ավերիչ երկրաշարժի մասին հայ-ռուսական արտադրության «Սպիտակ» ֆիլմի համար:
«Սա իսկապես շատ ծանր ֆիլմ է, որի համար դաշնամուրով ժամանակակից ստեղծագործություն եմ գրում: Այն երազկոտ է, երբեմն մռայլ, երբեմն էլ՝ պայծառ: Ես աշխատանքի կեսն արդեն արել եմ»,-մանրամասնել է Թանկյանը: