Որ ֆիլմերն են պայքարելու «Օսկար»-ի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հայտնվելու համար
Կինեմատոգրաֆիական արվեստների ու գիտությունների ամերիկյան ակադեմիան հրապարակել է ծավալուն ցանկ, որում ներառված են հեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխության շրջանակում «Լավագույն ֆիլմ» անվանակարգում պայքարելու իրավունք ստացած կինոնկարները:
Ինչպես հաղորդում է variety.com-ը, ընդհանուր առմամբ, ցանկում ներառվել է 341 ֆիլմ, որոնց շարքում առավել մեծ շանսեր ունեցողներն են «Կոչիր ինձ քո անունով», «Երեք գովազդային պաստառ Էբինգի սահմանին, Միսուրի», «Տիկին Թռչուն», «Հեռացիր», «Դյունկերկ», «Ջրի ձևը», «Մութ ժամանակներ», «Ֆլորիդա» նախագիծ», «Սերը հիվանդություն է», «Մադբաունդ ագարակ», «Հրաշք կինը»:
Հայտնի է, որ «Օսկար»-ի 90-րդ մրցանակաբաշխության «Լավագույն ֆիլմ» անվանակարգի թեկնածու ֆիլմերի վերջնական ցուցակը կհրապարակվի հունվարի 23-ին: Նշվում է, որ ամերիկյան կինոակադեմիայի ավելի քան 7.300 անդամ ընդհանուր քվեարկության արդյունքում կկարողանա 5-10 ֆիլմ ընտրել այս անվանակարգի համար:
Հայտնի է, որ այս տարի «Օսկար»-ը կանցկացվի մարտի 4-ին՝ Լոս Անջելեսի Dolby Theatre դահլիճում:
Հիշեցնենք, որ նախորդ տարի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Լուսնի լույս»-ը: