Խիստ նախատոնական
Չասեմ, թե ով, բայց ՀՀ երբեմնի լուրջ մեծահարուստներից մեկը, որի հետ ժամանակին որպես լրագրող հարցազրույցի էի, կադրից դուրս ասաց ֊ կներեք, ես չեմ հասկանում, թե ինչպես կարող է հնարավոր չլինել կերակրել ընդամենը 2 միլիոն ժողովրդի, դա ախր ի՞նչ մի թիվ է։
Ես դե, գիտեք, իմ համար մի կողմ քաշված քնքուշ֊բարի երգեր եմ գրում֊երգում, բառերիս հանդեպ սուպեր ուշադիր եմ, ոչ մի վիրավորանք, կոպիտ արտահայտություն.. Բայց ամեն վայրկյանի էնպիսի կյանքերի մասին ես լսում, կարդում ու տեսնում, որ դե իրոք անհնար է տանել, ուզում ես մի զզվելի պարկապզուկ վերցնել ու մի լաչառ ձայն գցել աշխարհով, թե՝ ախր էս մի քանի մետրանոց երկրում էսքան չքավոր, լքված, խեղված կյանք, էսքան բոբիկ ու կիսաքաղց երեխա, էսքան չբուժված հիվանդ որտեղի՞ց։ Հասարակածային Աֆրիկա՞ ենք, որտեղ ոչինչ չի աճում, հարյուրավոր միլիոննե՞ր ենք, որոնց չի հերիքում ընդհանուր մեծ սեղանից բաժին հանել, ի՞նչ մի խնդիր էր ախր մի ստանդարտ սոցիալական շեմ պահել, որից ներքև մարդիկ չգլորվեին։ Սովն ինչպե՞ս կարող է գոյություն ունենալ էսպիսի կոմպակտ, կառավարելի երկրում։ Էսքա՞ն իրար մոտիկ ապրեն աբսուրդի հասնող ճոխությունն ու նույնքան աբսուրդի հասնող չքավորությունը։
Իրոք աբսուրդ է, ու ես ամեն անգամ իմ մի միլիմետրանոց օգնությունն ուղարկելուց նաև ՇԱՏ վատ եմ զգում. ո՞վ եմ ես, որ պետք է իմ ցանկությամբ սոված կամ բոբիկ չմնալու հարց լուծեմ, ի՞նչ միսիոներ եմ խաղում, աղե՞տ է եղել երեկ, ու բոլորս պետք է միավորվենք՝ իրար օգնելու, ջրհեղեղ ու երկրաշա՞րժ, էս սովորական, ամենօրյա կյանքն ինչու՞ չի կազմակերպվում էդպես էլ, որ պետք է ամեն օր զորահավաք անենք ու սրտացավ մարդկանց կազմակերպենք՝ էս պստլիկ երկրի սոված, բոբիկ ու հիվանդ երեխեքին գոնե ցրտից ու սովից փրկելու համար։
Եթե չլինեին էն հրեշտակ֊կամավորները, որ աջուձախից օգնություն են կազմակերպում, հասցնում գյուղից գյուղ, տնակային մի ավանից մյուսը, ուրեմն պետք է էդ մարդիկ սառեի՞ն, էդ երեխեքը դպրոց չգնայի՞ն՝ կոշիկ ու վերարկու չունենալու պատճառով, իրենց մայրը չբուժվե՞ր, իրենց տատը սառե՞ր ցուրտ տնակում։ Ու երբևէ էդ սոցիալական հրեշը կթողնի՞, որ էդ մարդիկ դուրս գան իր ճիրաններից ու կարողանան մտածել կյանքը փոխելու, հեռուն տեսնելու, իրենց՝ որպես մարդ ռեալիզացնելու մասին։
Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան էջից