Սաակաշվիլին իրեն ռազմագերի է համարում
Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին դատարանի դահլիճում հայտարարել է, որ իրեն ռազմագերի է համարում, իր համախոհներին «կտրուկ գործողությունների» չի հորդորում, բայց վստահ է, որ բողոքի շարժումը կընդլայնվի:
«Ես ինձ կալանավորված չեմ համարում, այլ համարում եմ ռազմական գերության մեջ»,- ասել է Սաակաշվիլին, որի բառերը մեջբերում է «Ուկրաինսկայա պրավդա» առցանց պարբերականը: Դատարանի դահլիճում Սաակաշվիլին լրագրողներին պատմել է, որ առաջին անգամ իրեն հակախորհրդային գործունեության համար 1986-ին ձերբակալել է ԽՍՀ ՊԱԿ-ը Կիեւում, երբ ինքը առաջին կուրսում էր սովորում: Ըստ նրա՝ Ուկրաինայում 30 տարիների ընթացքում ոչինչ չի փոխվել:
«Որքան տարիներ են անցել, ինձ բերել են միեւնույն մեկուսարան եւ ինձ դիմավորել է նույն հսկիչը, միեւնույն կեղտոտ մեղադրանքներով… Մեզ պետք չէ առճակատում, ես ոչ մի կտրուկ գործողության կոչ չեմ անում: Շարժումը կընդլայնվի», - լրագրողներին դատարանի դահլիճում հայտնել է Սաակշվիլին: Քաղաքական գործիչը շնորհակալական խոսքեր է ուղղել բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն: Ապա նա երգել է Ուկրաինայի հիմնը:
Սաակաշվիլիին երկուշբթի առավոտյան բերել են Կիեւի Պեչերսկի շրջանային դատարան՝ խափանման միջոց ընտրելու համար: Դատախազությունը նրա համար խնդրում է խափանման միջոց ընտրել տնային կալանքը: Դատարանի շենքի մոտ հավաքվել են քաղաքական գործչի համախոհները, ուժեղացվել է հսկողությունը: Ոստիկանության տվյալներով՝ այնտեղ գտնվում է ավելի քան 250 ուժային՝ պրովոկացիաները կամ անկարգությունները կանխելու համար: