Երկիր, որտեղ ամուսնացնում են 15 տարեկան երեխաներին
Լրատվամիջոցները գրեցին, ընթերցողները մի քանի օր կքննարկեն ու կանցնի կգնա եւ ոչ մի հետեւանք չի ունենա գեղարքունիքցի 16-ամյա կնոջ հայտարարությունը։ Ուզում ենք լսել նրանց, ովքեր հարայ-հրոցները գցել էին, ասելով, թե մեզ ընտանեկան բռնության մասին օրենք պետք չէ, եւ որ մեզ մոտ նման խնդիր չկա։
Հիշեցնենք, որ 16-ամյա գեղարքունիքցին հայտարարել էր, որ ամուսնու հայրը պարբերաբար իրեն ստիպել է միասին պոռնոֆիլմեր դիտել, որ ամուսնու եղբայրը իրեն ծեծել է եւ պահանջել սեքսով զբաղվել, իսկ ամուսինն էլ իմանալով, որ եղբորը մերժել է՝ նույնպես ծեծի է ենթարկել նրան։
Մենք, շատ հաճախ, շփվում ենք մեր ընկերների հետ եւ մեզ թվում է, որ եթե մեր տանը, մեր ընկերների տանը ընտանեկան բռնության դեպքեր չեն լինում, 15 կամ 16 տարեկան աղջիկներին չեն ամուսնացնում, ապա ամբողջ երկրով մեկ այդպես է։
Իրականությունը, սակայն,բոլորովին այլ է։ Մեր կողքին զուգահեռ աշխարհ կա, որոնց հետ մենք երբեմն-երբեմն ենք առնչվում եւ հետո մոռանում, բայց հենց այդ աշխարհն է որոշում մեր ներկան եւ վաղվա օրը։ Վերջին հաշվով աղջիկներին 15 տարեկանում ամուսնացնողները եւ հարսներին բռնության ենթարկողներն են առանց խղճի խայթ զգալու տասը հազար դրամով կամ առանց դրա, պարզապես վախից ելնելով քվեարկում տեղի հեղինակության օգտին։
Այնպես որ, երբեք չի կարելի անտեսել կամ հպանցիկ անդրադառնալ այս դեպքերին եւ անցնել առաջ։ Եթե հասարակություն ունենայինք, ապա նույն այդ հասարակությունը պետք է պահանջեր, որ իրավապահ մարմինները պատասխանատվության ենթարկեին 16 տարեկանի հետ ամուսնացողին եւ այդ աղջկան ամուսնացնողին։
Հաճախ ենք լսում, թե մեզ հայերիս սա սազական չէ, մեզ հայերիս համար սա ընդունելի չէ, բայց պարզվում է, որ մենք հայերս ոչնչով չենք տարբերվում Զագրոսի լեռներում կամ Կոտուրի լեռնաշղթայում ապրող քրդերից, ինոնեզական ջունգլիներում ապրող վայրի կամ կիսավայրի ցեղերից կամ աղջիկներին ինը տարեկանում ամուսնացնող աղքատ հնդիկներից։
Top-News.am