Հայաստանի եւ Վրաստանի օդանավակայաններից օգտված ուղեւորների քանակը
2017թ․ առաջին 11 ամսվա ընթացքում Վրաստանի 3 օդանավակայանները սպասարկել են 3 մլն 816 հազար 538 ուղեւոր։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 44,48%-ով ավելի է, հաղորդում է aliq.ge-ն:
Ըստ այդմ, ուղեւորների քանակը ավելացել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի, Քութայիսիի Դավիթ Աղմաշենեբելիի անվան եւ Բաթումիի միջազգային օդանավակայաններում:
Թբիլիսիի միջազգային օդանավակայանը հիշյալ ժամանակահատվածում սպասարկել է 2 մլն 943 հազար 417 ուղեւոր, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավել է 40,89 %-ով: Բաթումիի միջազգային օդանավակայանը փոխադրել է 484 հազար 527 ուղեւոր, Քութայիսիի օդանավակայանը՝ 380 հազար 026:
Հատկանշական է նաեւ, որ աճել են նաեւ երկրի ներսում՝ Մեսիտայից եւ Ամբրոլաուրիից իրականացվող չվերթները:
Համեմատության համար նշենք, որ նույն ժամնակահատվածում Հայաստանի երկու օդանավակայաններում ուղեւորահոսքը կազմել է 2.347.265 մարդ, որը 21.8 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տվյալներով, 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին, 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 17.7 տոկոս աճ: «Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 20 573 տոննա ապրանք, որը 29.8 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
2017 թվականի նոյեմբեր ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 14 425 մարդ: 2016 թվականի նույն ամսին ուղևորահոսքը կազմել է 2 175 մարդ: «Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ուղևորահոսքը կազմել է 91 497 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 9864 մարդ: