Սերժ Սարգսյանը պարտավոր է
Որպես նախագահ Սերժ Սարգսյանը պարտավոր է շատ բան անել, բայց սահմանադրորեն ամրագրված իր պարտավորություններին ավելացավ եւս մեկը՝ փարատել Մերուժան Տեր-Գուլանյանի տխրությունը։
Օրեր առաջ Տեր-Գուլանյանն իր անսահման թախիծն ու ափսոսանքն էր հայտնել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ։
Սա դեռ սկիզբն է. շուտով Մերուժանին հաջորդելու են ուրիշները եւ սկսվելու է մրցավազքը՝ ով ավելի ներքեւ, ավելի դանդաղ, ավելի նրբագեղ։ Ժամանակներն արդեն փոխվել են եւ Մերուժանը կորցրել է իր վաղեմի մենաշնորհային դիրքը։ Հիմա նա ունի լուրջ մրցակիցներ ի դեմս իշխանավորների եւ ընդդիմադիրների, պոետների, երաժիշտների, սփյուռաքհայերի, հոգեւարականների, շախմատիստների, բժիշկների, օլիգիարխների, եւ այլն։
Մարդկանց պակաս չի զգացվելու՝ ոչ իշխանությունում, ոչ ընդդիմության, ոչ մտավորականության, ոչ երիտասարդների եւ ոչ տարիքավորների շրջանում։ Մենք ականատես ենք լինելու ցուցադրական ինքնանվաստացման շարքերի։ Տեսարաններ, որոնցից ոչ ոք չի շահում, բայց հեռանկարում տուժում է պետությունը։
26-ամյա պետականության ընթացքում մենք լավ, թե վատ ստեղծեցինք պետական շատ ինստիտուտներ, բայց տապալեցինք մարդու ինստիտուտի կայացումը։
Մարդկային տեսակետից եւ վաղվա քաղաքացու կայացման տեսակետից ճիշտ կլինի, որ Սերժ Սարսգյանը առանց երկիմաստության հայտարարի, որ ինքը շարունակելու է պաշտոնավարել որպես վարչապետ։ Այդ դեպքում գոնե ամեն օր ստիպված չենք լինի տեսնել միջանադար կամ Թուրքմենստան եւ Ուզբեկստան հիշեցնող տեսարաններ։ Մեկ էլ տեսար էքստազի մեջ սկսեցին ինքնամորթվել, ինքնավնասվել, ինքնախեղվել։ Խոսքը ֆիզիկական խեղումների մասին է, որովհետեւ որպես մարդ եւ որպես քաղաքացի այդ ինքնախեղումների փուլը վաղուց է կայացել։
Իսկապես, Սերժ Սարգսյանը պետք է հումանիզմ դրսեւորի եւ հնարավորին չափ շուտ հայտարարել իր մտադրությունների մասին։ Այդ քայլը գոնե կկասեցնի արեւելյան շողոքորթության փառատոնը։
Top-News.am